ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինի իր պատմական տարածքում Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը. Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը։
Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ նախագահը, սա Աունի անդրանիկ այցն է մեր երկիր, որը վստահաբար նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններին։
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան։ «Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը: Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում անխոս իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը։ Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում։ Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան»,- նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ լիբանանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ապրիլ ամսից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորվել է տնտեսական կապերը։
«Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը։ Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային ծառայություն, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում։ Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները։ Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է իրավապայմանագրային դաշտ, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։ Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար»,- նշեց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նկատեց նաև, որ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը բարձր է գնահատվել միջազգային կառույցներում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը, հատկապես Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ։
«Լիբանանի նախագահին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հինախնդրի որևէ լուծում, որն ինչ-որ կերպ կխաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը։
Այս առումով իմ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքն իր պատմական տարածքում»,- նշեց ՀՀ նախագահը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ թեև ավելի քան 100 տարի է անցել պատմական այդ իրադարձությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որոնք վաղեմության ժամկետ չունեն։
«Վերստին երախտագիտություն հայտնեցի լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է սիրիական հակամարտության խնդրին՝ ՀՀ նախագահն ընդգծեց, որ շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների։ Նրա խոսքով, Հայաստանը կարևորում է Լիբանանի գոծնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում և բարձր է գնահատում սիրիացի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը։
«Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի ժողովրդին։ Հպարտ ենք, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված ՄԱԿ-ի առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ։ Լիբանանի նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահն ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»,- իր խոսքն ամփոփեց ՀՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի նախագահ. Մենք շատ ենք հենվում հայերի վրա բոլոր բնագավառներում
- Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- «Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան