Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն է արտահայտել բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան սերտ կապերն ունեն պատմական խոր արմատներ՝ ամրորեն խարսխված փոխադարձ վստահության վրա:
Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո և բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Դրա վկայությունը Նորին Սրբությունը նկատել է Լիբանանի այսօրվա աշխույժ հայ համայնքի առկայությունը, որը Սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից է և վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։
Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես նաև Հայ Կաթողիկե Պատրիարքությունը։
Իր հերթին նախագահ Աունը հույս է հայտնել, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելել է, որ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:
Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ պրն. Միշել Աունը գնահատանքով նշել է, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
Վերջում Ամենայն Հայոց Հովվապետը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն մաղթեց Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման և արդյունավորման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքներ է հղել Լիբանանի բարեսեր ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- «Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան