Դեռևս կա հարկերից խուսափելու խնդիր. Վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր հարկային ստվերի ռիսկերին և ոլորտային այլ խնդիրներին:
Վարչապետը հայտնեց, որ 2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին, ըստ Կ.Կարապետյանի, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։
«Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ՝ գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ կներկայացնի՝ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման,ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։
«Բոլոր լուծումները, որոնք այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է՝ համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում