«Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ
Գարնան առաջին օրը` մարտի 1-ին, ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ներկայացման դիրիժորն է Կարեն Լավչյանը: Գլխավոր դերերում հանդես կգան Հասմիկ Թորոսյանը (Անուշ), ՀՀ վաստակավոր արտիստներ Սարգիս Աղամալյանը (Սարո) և Գևորգ Հակոբյանը (Մոսի): Բեմադրությունը` ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի: Հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական օպերային արվեստի զարդը` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, արդեն 106 տարի է, բեմում է:
Հեռավոր 1912-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանն առաջին անգամ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի գրական հենքի վրա ստեղծված համանուն օպերան, որի կոմպոզիտորն էր քաղաքում հայտնի երաժիշտ Արմեն Տիգրանյանը: «Անուշ» օպերայի ստեղծման մասին նա ասել է.
«Պետք է գրել օպերա, այդ միտքն է ծնունդ առել ուղեղումս, դա կարևոր է, այդ էի որոնում: Պետք է ամբողջովին նվիրվել արվեստին… Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին հասկանալի ու սիրվի նրա կողմից»:
1935 թվականին Տիգրանյանի «Անուշը» առաջին անգամ ներկայացվեց Երևանի օպերայի եւ բալետի թատրոնում և մինչ օրս Թատրոնի մշտական խաղացանկում է:
Հարակից հրապարակումներ`
- Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով
- Տիգրան Լևոնյանի հոբելյանին նվիրված «Անուշ» օպերայում Սարոյի դերը կատարելու է նրա սանը
- «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում