Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի Ադրբեջանի սադրանքներին. Աշոտյան
«Այս լսումների նպատակը բավականին խորն է։ Սումգայիթյան ջարդերի հետ կապված ողջ իրողությունն այս 30 տարիների ընթացքում հայտնի է, թեպետ շարունակում են երես դուրս գալ նոր փաստեր»,- այսօր «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում նաև Հայաստանի քաղաքական իշխանությունները հետամուտ են եղել հարցի լիարժեք արծարածմանը՝ հատկապես միջազգային հանրությունում. «Սակայն ընդունենք մի կարևոր իրողություն՝ այս տարիների ընթացքում, հատկապես միջազգային հանրության շրջանակներում փոխվել են կարևոր դերակատարներ, տեղի է ունեցել սերնդափոխություն, և ցավոք սրտի Սումգայիթյան ջարդերը և դրան հետևած այլ բռնի գործողություններ, էթնիկ զտումներ, որ իրականացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից, կարծես թե մի պահ մոռացության է մտնվել և պատշաճ կերպով չեն արտահայտվել խորհրդարանական, դիվանագիտական շրջանակներում։ Այս լսումները նպատակ ունեն ևս մեկ անգամ վերադարձնել միջազգային հանրությանը այն ողբերգությունները, որոնք տեղի են ունեցել արցախյան շարժման ծագման պահից առ այսօր, ևս մեկ անգամ ընդգծելու, որ գեոպոլիտիկ շահերը գուցե կարևոր են, բայց հատկապես եվրոպական քաղաքականությունը պահանջում է քաղաքակրթական հենք»։
Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը, մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նախաձեռնել է Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարության քննարկում և շրջանառություն, որի տեքստին միացել են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը։
«Կարող ենք մտածել, որ այս ամենը բացառապես պատմություն է, բայց այդ պատմությունը վերադառնալու և թարմանալու հատկություն ունի։ Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված հերթական սպառնալիքը հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ վկայում է, որ այդ քաղաքականությունը ծրագրված, միտումնավոր, շարունակական է և բացարձակապես պատմություն չէ։ Եվ մեր համարժեք պատասխանը քաղաքական, ռազմական, հասարակական ներուժի վերախմբավորման միջոցով հնարավոր լավագույն ձևն է ցույց տալու հայ հասարակության և հայկական պետության գոյության և միասնական լինելու խնդիրը»,- նշեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Նա հայտնեց, որ երեկ Ադրբեջանի կողմից ինտերպոլի միջոցով հետախուզման հայտարարություն արվեց մեր հայրենակից Կասպար Կարապետյանի հանդեպ. «Կասպար Կարապետյանը արժանի հայորդի է և այս տարիների ընթացքում ղեկավարում է եվրոպական Հայ դատի գրասենյակը։ Ակնհայտ է, որ իր երկրի ներսում քաղաքական որս ավարտած, Ադրբեջանի իշխանությունները սկսում են այդ քաղաքական որսը փորձել իրականացնել նաև երկրից դուրս։ Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այն սադրանքներին, որոնք կարող են սահմանափակել մեր ազատության և խոսքի իրավունքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան