Առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերը 1989թ-ից չեն արդիականացվել, աշխարհում նման բան չկա. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն էլ վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը:
«Կարծում եմ, որ սա միայն առողջապահությանը չի վերաբերվում, բայց հիմա այս ոլորտը կարգավորենք և քայլ առ քայլ գնանք»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները այդ թվում ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։
Վարչապետը նշեց, որ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Առողջապահության նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում՝ համատեղ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։
«Խնդիրը նրանում է, որ մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ, բարձր առաստաղներ, որոնց տաքացման խնդիրներ կան: Աշխարհում նման բան չկա»,- նշեց վարչապետը: