Գյուղապետերը տարիներով արձակուրդ չգնալու պատճառով համայնքային բյուջեի համար խնդիրներ են ստեղծել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թվականի ծրագրերը հիմնականում ուղղված էին տարածքների զարգացման խնդիրներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:
«Մենք չենք կարող տարածքային համաչափությունն ապահովել երկրում, եթե չունենք ձևավորված կայուն, ուժեղ համայնքներ։ Պատահական չէ, որ նախորդ տարի մեր գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տարածաքային կառավարման մակարդակով՝ համապատասխան ռազմավարությունների, գործառնական ծրագրերի, մեթոդիկաների ընդունումը, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը համայնքներին տրամադրել է մեթոդական ձեռնարկներ, որոնք բազմաբնույթ ուղղություններով կագավորում են համայնքում իրականացվող գործողությունները։
Մասնավորապես, ըստ նրա, դրա նպատակն է աջակցել համայնքներին, որպեսզի կարողանան տեղական տնտեսությունը զարգացնել։
Անդրադառնալով համայնքների բյուջեների սեփական եկամուտներին՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ 2017 թվականին ՀՀ համայնքների սեփական եկամուտների մուտքերը գանձապետարան կազմել են 38,545.1 մլն դրամ: Նրա խոսքով՝ 2009 թվականից ի վեր, 2017 թվականը նշանավորվել է համայնքների կողմից հողի հարկի հավաքագրման դրական դինամիկայով։ «2016 թվականի համեմատությամբ, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 %-ով կամ 2,544.6 մլն դրամով: Սեփական եկամուտների հավաքագրման աճի միտումները կպահպանվեն նաև 2018 թվականի ընթացքում»,- ընդգծեց նա։
Դավիթ Լոքյանը խոսեց նաև համայնքների հաստիքացուցակների հետ կապված խնդիրներից։ «Տարիների ընթացքում համակարգային մոտեցման բացակայությունը բերել էր նրան, որ համայնքներում կար շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձի պարտք, որը ձևավորվել էր արձակուրդ չգնալու պատճառով։ Համայնքապետեր ունեինք, որ գրեթե 10 տարի արձակուրդ չէին գնացել և այդ գումարները կուտակվում էին, իսկ համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կուտակված գումարը միանգամից ստանում էին, ինչի արդյունքում համայնքի բյուջեն ֆինանսական խնդիրներ էր ունենում։ Նախորդ տարի մոտ 200 մլն-ի համայնքային պարտք նվազեցրել ենք և համոզված ենք, որ 2018 թվականին այս գործընթացը շարունակելով կհասնենք նրան, որ համայնքն այս կարգի պարտք չի ունենա և բյուջեի վրա բեռ չի լինի»,- ասաց Դավիթ Լոքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում