Որոշումը կայացվեց, վերջ. Աղվան Վարդանյանը՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման մասին
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ: Վերջինի ոչ ժամանելը, ոչ էլ հեռանալը լրագրողները տեսնել չկարողացան, Սարգսյանը հանդիպման սենյակ մուտք գործեց և հեռացավ հակառակ կողմից: ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն չունեցան ՀՀ նախագահի թեկնածուին հարցեր ուղղել:
Հանդիպման ավարտից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հրաժարվեց մանրամասնել՝ ինչ հարցեր են քննարկվել նախագահի թեկնածուի հետ:
Իսկ ահա հանդիպմանը ներկա ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանի՝ ամենատարբեր հարցերի, այդ թվում՝ սեփական անելիքների շուրջ պատկերացումները համահունչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումներին և մտածմունքներին:
«Վստահ եմ, որ ընտրվելու դեպքում պարոն Սարգսյանը կկարողանա ստեղծել մթնոլորտ, որը երկիրը կտանի իրական ժողովրդավարության և տնտեսական զարգացման և հզորացման»,- ասաց նա:
Լրագրողների հարցին՝ ֆորմալ առումով ո՞րն էր այսօրվա հանդիպման նպատակը, Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ ոչ այլ ինչ, քան վերջինի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը:
«Որոշումը կայացվեց, վերջ: Ստորագրությունները հավաքվում են, արդեն 60 ստորագրություն հավաքված է: Անհրաժեշտ էր ընդամենը մեկ քառորդի ստորագրությունը, երկու անգամ բավարարից ավելի ստորագրություն է հավաքվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ շատ մասնագետների գնահատմամբ, նախագահի հաջորդ թեկնածուին ԱԺ-ի կողմից ընտրելը հակասահմանադրական է, Վարդանյանը հորդորեց նորից այդ «անիմաստ» զբաղմունքից զերծ մնալ: «Ընտրված է մի թեկնածու, որն իր փորձառությամբ, մարդկային որակներով լավագույն թեկնածուն է»,- ասաց ՀՅԴ գործիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան