Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան
Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ այն պաշտոնապես ներկայացրել է ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Նա կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։
«Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է այս գործն արել»,-ասել է Ալեքսանդր Բազարչյանը։
«Դոպինգ» ստեղծագործական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով` խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է անցած տարվա մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։
Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում և տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը` մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների և պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։ Լինել պասիվ ծխող, թե ակտիվ չծխող` որոշումը ձերն է։
Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի` բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից։ Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել մի շարք գովազդային հեղինակավոր փառատոների։
Հարակից հրապարակումներ`
- Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ շեմ չկա. ԱՀԿ
- Ծխելու մասին օրենսդրությունը ներկա տեսքով չի ընդունվելու. Գալուստ Սահակյան
- Պաշտպան. Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են
- Ծխելու դեմ պաքարի օրինագիծը լուրջ դիմադրության է արժանացել կառավարությունում. «Ժողովուրդ»