Նալբանդյանը Մադագասկարի գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
Մադագասկարը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկիր, այս տարի՝ երևանյան գագաթաժողովին ՖՄԿ-ում նախագահությունը կփոխանցի Հայաստանին: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ հանդիպմանը։
Մադագասկարի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Մադագասկարը շահագրգիռ է առաջ մղել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Անրի Ռաբարի-Նձական ասել է, որ երկու երկրները հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ դավանում են ընդհանուր արժեքներ, որոնք հիմնված են մարդասիրության, եղբայրության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա:
Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռաբարի-Նձական քննարկել են Մադագասկարի նախագահի այս տարվա մայիսին Հայաստան նախատեսվող պետական այցին վերաբերող հարցեր՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ այն կարող է նոր խթան հանդիսանալ տարբեր բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման համար:
Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ փոխադարձ աջակցությամբ կազմակերպության գագաթաժողովը հյուրընկալելուն, և այդ համատեքստում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլև՝ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի արտգործանախարարը Մադագասկարի գործընկերոջը ներկայացրել է այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին
- Հայաստանն ու Մադագասկարն ակտիվ կաշխատեն երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ
- Պաշտոնական այցով Հայաստան կգա Մադագասկարի արտաքին գործերի նախարարը