Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն
2018-ին հուշարձանների ուսումնասիրման ( այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթները հայտարարված են: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Պայմանագրով շինարարների առջև պայման է դրված շինհրապարակներում տեղադրել առնվազն երեք տեսախցիկ՝ աշխատանքի ընթացքին նաև առցանց (նախարարության կայքէջի միջոցով) 24 ժամ հետևելու հնարավորություն ապահովելու նպատակով:
Անցյալ տարի իրենց աշխատանքում թերացած շինարարական կազմակերպություններ են եղել, նրանց հնարավորություն է տրվել մինչև հունիսի մեկը շտկելու բոլոր թերությունները:
«Խախտումներ են արձանագրվել վեց շինարարական կազմակերպությունների մասով: Նախարարությունը նրանց հետ սկսել է բանակցություններ: Վերջնական որևէ արդյունքի չի հասել, և գործն ուղարկվել է դատախազություն: Շուրջ 65 միլիոն դրամի խախտում է արձանագրվել, և այժմ իրավապահները զբաղվում են այդ հարցով»,-մանրամասնեց նախարարը:
Ամիրյանին նաև մտահոգում է որակյալ կադրերի պակասն ու հուշարձանների հանդեպ քաղաքացիական ոչ պատշաճ վերաբերմունքը:
« 24 հազար գրանցված հուշարձան ունենք հանրապետությունում: 24 հազար պահակ, բնականաբար, չենք կարող կանգնեցնել: Չափազանց կարևոր է հասարակության ուշադրությունը: Այդ ուշադրությունը պետք է սևեռված լինի մեր պատմամշակութային հուշարձաններին»,-ասաց նախարարը:
Ասուլիսի մյուս բանախոս փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով, պեղումներ իրականացնելու մրցույթ է հայտարարվել երեք հուշարձանների մասով՝ Ամբերդ ամրոցը, Լոռի բերդ համայնքի միջնադարյան ամրոցը(այս տարվա նախագիծը վերաբերում է մասնավորապես բաղնիքին), Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցին:
«Պեղման, նախագծման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն Դվին հնավայրում, ինչպես նաև Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում: 2011 թվականին այստեղ բացվել է չափազանց արտառոց մի խճանկար: Վերջինի վերականգնման և ամրակայման աշխատանքն ավարտելուց հետո խճանկարի կրկնօրինակը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում: Մենք երազում ենք, որ մեր անտիկ Դվինն ու Արտաշատը՝ Պոմպեյների նման, հետագայում դառնան մի վայր, որտեղ զբոսաշրջիկները կծանոթանան մեր մայրաքաղաքների հարուստ պատմությանը»,-ասաց Արև Սամուելյանը:
Նախարարությունը հեռուստաընկերություններից մեկի հետ ծրագրում են նկարահանել սերիալ՝ նվիրված Դվինի պեղումներին ու հնագիտական արշավախմբին: 2018-ի ընթացքում կիրականացվի հուշարձանների պեղման՝ երեք, նախագծման՝ հինգ և վերականգնման տասն աշխատանք:
2018-ին վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև Քոբայրավանքում, Սանահինի վանական համալիրում, Գոշավանքում, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք, Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե և Սյունիքի մարզում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցիներում: Բյուջեով նախատեսված տասը միլիոն դրամը կհատկացվի տարվա ընթացքում հրատապ միջամտություն պահանջող հուշարձանների վերականգնմանը:
Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի տվյալներով, 2017-ին բյուջեով նախատեսված 250 միլիոնից 199 միլիոն 457 հազար դրամը ծախսվել է հուշարձանների վերականգնման, 11 միլիոն 275 հազար դրամը՝ նախագծման և ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Խնայված 17 միլիոնը վերադարձվել է պետական բյուջե:
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային հուշարձաններ վնասելու դեպքեր առավել շատ արձանագրվել են Սյունիքում, Կոտայքում, Շիրակում, Գեղարքունիքում
- Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան