Փոսի վրա կտուր դնողները
Ես հասկացա: Հեքիաթներով, ֆանտաստիկայով ու անեկդոտներով պիտի մխիթարվենք: Հադի-Մատի, Ֆրանկեյնշտեյն, … Անեկդոտն էլ թեկուզ սա.
Մեկը տեսնում է երկու հոգի ինչ-որ Գործ են անում: Մեկը փոս է փորում, մյուսը փոսը լցնում է: Այս մարդը զարմացած հարցնում է.
- Ինչ եք անում, էլ ինչու եք փորում, որ պիտի փոսը լցնենք:
- Եղբայր ջան, ուղղակի ծառի շիվը դնողը հիվանդացել է…
Որ ոլորտը վերցնում ես՝ շիվ դնողը չկա: Փոսը փորում են, փոսը փակում են, իրար շնորհակալ են լինում, իսկ ծառերը չկան ու չկան:
Դեղատոմսեր ներմուծեցին՝ գյուղերում դեղատոմս տվողը չկա:
Երևանում գյուղական պատկերներով թաղամաս են սարքում, իսկական գյուղը փրկողը չկա:
Հետիոտին իր անցնելու տեղը ցույց տվեցին՝ գետնանցումները միայն կոյուղանյութով ինքնասպանների համար են թողել:
Մեքենաների անցումները փոխում են, նշանները ճիշտ տեղերում դնողն է հիվանդ…
Ո՞ր մեկն ասեմ:
Եկեք հիմա էլ երեխաների պայուսակների ծանրության մասին ասեմ: Կրթության ու առողջապահության նախարարները, որ խնդիրը «լուծում են» երեխաների համար հատուկ կգ-ներ սահմանելով:
Մի մայրիկ ասում է՝ ոչ բուֆետի սնունդն է սնունդ, ոչ հիգիենիկ պայմաններ կան ջուր խմելու, կարո՞ղ է երեխային ուտելիք ու ջուր չդնեմ:
Կրթության ու առողջապահության ոլորտներում մի նման մամա չկա՞, որ այդ փաստը հասցնի նախարարներին:
Այդքա՞նն է որոշումների թափը՝ սահմանափակել պայուսակների կգ-ները: Է սահմանափակեք: Դա ընդամենը լիրիկա է՝ առանց կիրառականի:
Նույնիսկ համոզված եմ, որ առողջապահության նախարարը կհրահանգի կրթության նախարարին, հրահանգել դպրոցներին ամեն երեխայի ապահովել համակարգչով՝ դպրոցում, ծնողներին էլ՝ համակարգիչ՝ տանը, որ երեխան ծանր պայուսակ չտանի-բերի:
Իսկ պայուսակում կլինի խաշած այն կարտոֆիլը, որ ԱԺ պատգամավորի խոսքով՝ չի թանկանում, հետևաբար չի ազդում կարագ ու միս չառնողի գրպանին:
Հա, մեկ էլ աչքի դեղ, որ համակարգչային բարեփոխումից բորբոքված երեխաների աչքերը խնամքով կաթեցնեն:
Իսկ որ մինչև հիմա կարելի էր ասենք մասերի բաժանված՝ «մասնատված» դասագրքեր հրատարակել՝ մաս-մաս ու թեթև դպրոց տանել-բերելու համար:
Թեկուզ նայելով ու ուշադրություն դարձնելով, նույնիսկ՝ հիշելով, որ տարիներով, տասնամյակներով երեխաները այդպես են անում (ուսուցիչներից գաղտնի), լուծումը քթի տակ է… Բայց ոչ,պիտի տիեզերական լուծումների սպասել, քանզի Շիվ Դնողը չկա, Շիվ Դնողը….