Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում
«Այնպես անել, որ դասական երաժշտությունը լսելի, մոդայիկ լինի հատկապես երիտասարդների լայն շրջանում, իսկ նրա համերգների հանդիսատեսի թիվը կրկնապատկվի»: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենության հետ հանդիպմանը նման պահանջ է դրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նա նույնիսկ խոստացել է. «Ամենաբարդ ընկալվող դասական երաժշտության համերգը տվեք ինձ, և ես ամենաշատ տոմսերը կվաճառեմ»։
Փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը հանձնարարություն է ստացել գովազդային արշավի յուրօրինակ առաջարկներով ծրագիր կազմել, որը կքննարկեն միասին։ Նախարարն օրինակ առաջարկել է մետրոյի շարժասանդուղքների վերևում պրոեկցիոն պատկերներով և երաժշտությամբ գովազդային նյութեր, Ֆիլհարմոնիկը խորհրդանշող պատկերներով հուշանվերների արտադրություն, փողոցային էկրան-վահանակներին գովազդի տեղադրում (շուտով գովազդային 3 մեծ էկրան կտեղադրվի նաև ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի շենքի արտաքին հատվածում), կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունից առաջ գովազդային հոլովակների ներկայացում և այլն։
Նվագախումբը 2017 թվականին պետբյուջեից ստացել է մոտ 340 միլիոն դրամ, իսկ փաստացի եկամուտ՝ մոտ 114 մլն դրամ (2016 թվականի համեմատ եկամտային ցուցանիշը գերակատարել է 11, 2 տոկոսով)։
«Շատ տեղին կլիներ, եթե հաջորդ տարի ձեր հաշվետվությանը ոչ թե ֆինանսական ցուցանիշների մասին խոսեինք, այլ միայն՝ հանդիսատեսի թվի։ Դրանից լավ վկայություն, թե ինչ վիճակում են ֆինանսական ցուցանիշները, չի կարող լինել,- ասել է Ամիրյանը:
Նա մանրամասնել է՝ չի հորդորում շեղվել բարձրակարգ դասական երաժշտության ծրագրերից, այլ որ պետք է կարողանալ վաճառել դա, այդպիսով ավելի շատ մարդկանց հաղորդակից դարձնել դասական երաժշտությանը. «Ուսումնասիրե′ք, թե աշխարհում ինչ մեթոդներով են «փիար» անում, և տեղայնացրեք մեր ժողովրդի մտածելակերպով։ Մենք էլ կօգնենք»։
Մշակույթի նախարարության պահանջն է, որ այսուհետ համերգային և թատերական պետական դահլիճներում հրավիրատոմսերով մուտքը չգերազանցի դահլիճի տեղերի 25 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ենայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ մեկ բեմում
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ամսվա ընթացքում ծրագրել է չորս համերգ
- Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից վերջերս 4 երաժիշտ է հեռացվել. «ՀԺ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում