Մեկնարկեց ՕԵԿ համագումարը. Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
Քիչ առաջ մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Համագումարին ներկա են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Վերջինս իր ելույթում նշեց, որ ընտրությունները Հայաստանում չեն որոշվում օրենքի ուժով, այլ՝ վարչական լծակներով, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք: «ՕԵԿ-ը քսանմեկ տարի շարունակ ունի իր ուրույն դերը, որի առաջ պետք է խոնարհվել: Երկու հարյուր վաթսուն օրենքի հեղինակ ՕԵԿ-ն այսօր սկսում է նոր ճանապարհ՝ հասարակությանը դուրս բերելու ստեղծված դժվար վիճակից: ՕԵԿ-ի նպատակը օրենքների գերակայության երկիր կառուցելն է: Երկրում բազմաթիվ խնդիրներ կան: Բայց մենք չենք ուզում թողնել և հեռանալ Հայաստանից: Մեծ ցավ եմ ապրում, իմ մերձավորները հեռանում են հայրենիքից: Դա մեր ցավն է: Ես ուզում եմ իրապես օրինաց երկրում ապրել և պայքարելու եմ, որ Հայաստանում անարդար շեշտադրումները պակասեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նա նաև հայտարարեց, որ իրենք կուսակցության ներսում շատ խորը քննարկումներ են ունեցել և վճռել են, որ իրավունք չունեն թողնելու հայ ժողովրդին, ավելին՝ պարտավոր են լինելու ժողովրդի կողին և պայքարել նրա բարօրության համար:
Անդրադառնալով ռեյթինգայյին ընտրակարգին՝ Բիշարյանը նկատեց, որ դրա արդյունքում խորհրդարանի գինը չիմացող, սակայն ռեյթինգ ունեցող որոշ մարդիկ հայտնվեցին ԱԺ-ում:
ՕԵԿ փոխնախագահն իր ելույթի վերջում առաջարկեց Արթուր Բաղդասարյանին վերընտրել կուսակցության նախագահ: Վերջինս միաձայն վերընտրվեց նույն պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան