Հայաստանում մրցակցությունը եղել է ոչ թե գաղափարների, այլ փողի միջև. Արթուր Բաղդասարյան
Հայաստանում մրցակցությունը եղել է ոչ թե գաղափարների, այլ փողի միջև, ով ինչքան փող ունի: Հայաստանում տեղի է ունեցել պարզ գործարք, ընտրություններին շատերը վաճառել են իրենց քվեները: «Օրինաց երկիր» կուսակցության տասնհինգերորդ համագումարի ժամանակ այս մասին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական մի շարք քաղաքական ուժեր պայքարում են ռեյթինգային ընտրակարգի դեմ և ճիշտ են անում: «Մենք այսօր ունենք կիսավեր վիճակում գտնվող քաղաքական դաշտ: Փող ունես, մարդ ես, փող չունես, մարդ չես: Հայաստանում այս մտայնությունն է: Այսօր մենք ունենք հայրենիքից հույսը կտրած հասարակություն, որը մտածում է Հայաստանից արտագաղթելու մասին»,- ասաց նա:
ՕԵԿ նախագահը հարց հնչեցրեց՝ ընդդիմությունն ինչպե՞ս կարող է ամուր լինել, եթե չի գործում առողջ քաղաքական համակարգում: Հայաստանում քաղաքական դաշտն, ըստ Բաղդասարյանի ձևավորվում է փողի միջոցով, ուրեմն ինչպես կարող է ընդդիմությունն ուժեղ լինել: «Հայրենիքի մասին իսկապես մտահոգ մարդն ի՞նչ անի, երբ քաղաքական պայքարի գաղափարն աղավաղվել է: Մեր այսօրվա շատ պատգամավորների ոչ ոք չի ճանաչում: Նրանք բոլորը ֆինանսական կայունություն ունեցող մարդիկ են, որոնք կարողացել են ապահովել իրենց տեղը խորհրդարանում»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, հայ հասարակությունը գտնվում է ծայրաստիճան վատ վիճակում, դրա համար էլ ընտրում է ոչ թե պայքարի, այլ երկրից հեռանալու ճանապարհը: Ամեն օր մեծանում է աշխատող աղքատների թիվը, հուսալքությունը, ըստ քաղաքական գործչի, պատում է շատերի ընտանիքներին:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ Բաղդասարյանը նկատեց, որ մեր երկրի «դռանն են չոքել» անվտանգային չլուծված մի շարք հարցեր, Հայաստանը լուրջ արտաքին վտանգների առջև է կանգնած:
«Մենք պետք է անվտանգ դարձնենք մեր երկիը: Պատկերացրեք այն ծնողի վիճակը, որ տասնութ տարի պահում է իր երեխային, բայց նա բանակում զոհվում է: Առաջընթացի միակ ճանապարհը մնում է պայքարը: Մենք պետք է համախմբվենք և պայքարենք՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար: Մենք քսանմեկ տարի բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել, ապացուցել մեր մրցունակությունը: Մենք պետք է կանգ չառնենք, մենք պետք է շարունակենք մեր պայքարը: ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը թող տանի վճռականության ճանապարհով, որպեսզի փուլ առ փուլ գնանք մեր երազանքների իրականացման ճանապարհով: Ես ինձ համարում եմ պետականապաշտ անձնավորություն, որի համար անկախությունը վիթխարի արժեք է: Մենք պետք է դառնանք մեր պետականության զինվորները, որ մեր ժողովուրդը արժանապատիվ ապրի»,- իր խոսքն ամփոփեց ՕԵԿ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին