Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135.000 տուրիստ
Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111. 000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Նման ցուցանիշներ է ներկայացրել մարզպետ Հովիկ Աբովյանը մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին:
Մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս):
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացնելով պատկերը զբոսաշրջության ոլորտում, մարզպետը նշել է, որ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թ. կազել է 120.000 մարդ, ինչը 25.000 ավել է 2016թ. ցուցանիշից: Իսկ այս տարի Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135.000 տուրիստ:
Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:
Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ:
Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները: Զեկուցվել է, որ մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ՋՕ ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր դեռևս կա:
Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել հարցի լուծման հետևյալ տարբերակը. եթե կան հողատարածքներ (ամբողջությամբ կամ մասնակի), որոնք կարող են պոտենցիալ ներդրողին տրվել սեփականության իրավունքով՝ ջրամատակարարումն ապահովելու պայմանով, ապա այդ ճանապարհով գնալը կարող է աշխատել: Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից և արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը Լոռիում ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ քաղաքացուն
- Դեռևս կա հարկերից խուսափելու խնդիր. Վարչապետ