Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը դեռ փակ կմնա հավատացյալների առաջ
Իսրայելում Սուրբ Հարության տաճարը փակել է իր դռները հավատացյալների առաջ՝ ի նշան բողոքի: Երուսաղեմի միաբան Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ Երուսաղեմի երեք իրավատեր համայնքների հոգևոր առաջնորդներն ընթերցել են համատեղ հայտարարությունը:
Նրանք բողոքում են Երուսաղեմի քաղաքապետարանի, ինչպես նաև Կնեսեթի որոշումների դեմ: Քաղաքապետարանը որոշել է, որ եկեղեցին պետք է հարկեր վճարի, ինչից տարիներ շարունակ ազատված են եղել:
«Երուսաղէմի երեք իրաւատէր համայնքների Հոգեւոր Պետերը, Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Յոյն Պատրիարքը եւ Ս. Երկրի Քուստոսը, ի նշան բողոքի փակեցին Ս. Յարութեան տաճարի դուռը եւ տաճարի մուտքի առջեւ ընթերցեցին երեքի կողմից ստորագրուած յայտարարութիւնը:
Նրանք բողոքում են Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման դէմ, որով հրահանգուած է քրիստոնեայ համայնքներին` վճարել քաղաքապետարանին հարկ, եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնեայ համայնքները դարեր շարունակ ազատուած են եղել:
Յայտարարութիւնը նաեւ բողոքում էր Քնեսետում առաջարկուած մի օրինագծի դէմ, որով պետութեանը իրաւունք է տրւելու բռնագրաուել եկեղեցապատկան այն կալուածները, որոնց վարձակալութիւնը կը տրուի անհատ ձեռներեցների եւ չի վաւերացուի Քնեսետի կողմից:
Տաճարը կը մնայ փակ մինչեւ Հոգեւոր Պետերը հանդէս կը գան նոր յայտարարութեամբ»,-ասված է հայտարարության մեջ: