Վարչապետը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 26-ին այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:
Նախարարը, ներկայացնելով 2017-ի արդյունքներով գրանցված հիմնական մակրոնտեսական ցուցանիշները՝ զեկուցել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել: Կարայանը նշել է, որ 2017-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։ Ըստ գնահատականների՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ում 2017-ին կկազմի մոտ 37 տոկոս:
Նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի 2018-ին այս ցուցանիշը հասցվի 39-40 տոկոսի: Սուրեն Կարայանի խոսքով՝ 2018-ին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,9 տոկոս, ծառայություններինը՝ 15,2 տոկոս, ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2 տոկոս:
Նշվել է, որ զարգացման լայն հնարավորություններ են առկա թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, արտերկրից արդեն իսկ ստացվել են մեծածավալ պատվերներ: 2017-ի ընթացքում արտադրվել է 97,3 մլն դոլարի հագուստ, որից 80 մլն դոլարի արտադրանքն արտահանվել է: Կանխատեսվում է նաև, որ դեղագործության ոլորտում ընթացիկ տարում աճը կկազմի 30 տոկոս:
Պատասխանատուները զեկուցել են, որ ադամանդագործության ոլոտում ևս ակնկալվում են դրական լուրջ զարգացումներ: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ալռոսա» ընկերության հետ՝ հումքի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այստեղ ևս ակնկալվում է 30 տոկոսից ավելի աճ: Ոսկեգործության բնագավառում համագործակցության ծրագրեր են նախատեսվում Իրանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ մեկնարկել են «Մեղրի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլի աշխատանքները, ինտենսիվ բանակցություններ են տարվում պոտենցիալ ներդրողների և հնարավոր կառավարիչների հետ: Վարչապետն ընդգծել է, որ այստեղ առկա է զարգացման մեծ ներուժ և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքները՝ տարբեր հարթակներում մանրամասն ներկայացնելով ստեղծված պայմանների ու հնարավորությունների մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարությունը պետք է առավել նախաձեռնող լինի պոտենցիալ ներդրողներին Մեղրի ԱՏԳ ներգրավելու հարցում:
Տեղեկացվել է նաև, որ զարգացման միտումներ են նկատվում «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում: Մասնավորապես, 2017-ի ընթացքում նշված ԱՏԳ-ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7-ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը:
Նշվել է, որ գործարար միջավայրի հասցեական բարելավման նպատակով պարբերական հանդիպումներ են կայանում ոլորտային պատասխանատուների և գործարար համայնքի միջև, քայլեր են ձեռնարկվում հնչեցված խնդիրների կարգավորման ուղղությամբ, օժանդակություն է ցուցաբերվում պետական մարմինների հետ հարաբերություններում վարչարարական խնդիրների բախվող տնտեսավարողներին: Զեկուցվել է, որ գործում են գործարար միջավայրի, շուկայի վերահսկողության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի և արտադրանքի լաբորատոր փորձարկումների թեժ գծեր:
Վարչապետին զեկուցվել է, որ մեկնարկել են ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև նորարարական էկոհամակարգի քարտեզագրման աշխատանքները: 2017-ի ընթացքում ստեղծվել է նոր արբիտրաժային լաբորատորիա, չափագիտական 2 լաբորատորիա 7 էտալոնային ուղղություններով, 2018 թվականի համար նախատեսվում է ևս 2 էտալոնային լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև E-LAB Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում։
Նշվել է, որ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ, իսկ այցերի թիվը հասել է 1,5 միլիոնի: Ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով 2018-ին նախատեսվում է բարեփոխումների 40 ծրագիր, այդ թվում՝ ակտիվ քարոզչական միջոցառումների անցկացում, Հայաստանը ներկայացնող ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանում և տարածում, փառատոնների կազմակերպում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան