Արմեն Սարգսյան. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք երիտասարդներին
ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման հիմքում դնում է հայերի՝ համաշխարհային ազգ դառնալու սկզբունքը: Այս մասին նա խոսել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ընթացքում:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ մոդելով պետք է զարգանան Հայաստան-սփյուռք հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասել է. «Դա այն մոդելն է, որով մենք՝ որպես հայեր, ապրելու ենք այս աշխարհում: Այդ մոդելն ինձ համար փակ մոդել չէ, բաց մոդել է: Ես ուզում եմ պատկերացնել, որ բոլոր հայերը պետք է ապրեն մի իրավիճակում, որտեղ կա փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ: Բոլորս՝ որպես հայեր, անկախ մեր գտնվելու և բնակության վայրից, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև մեր քաղաքացիական պարտքը պետք է կատարենք՝ ելնելով այդ սկզբունքից»:
ՀՀ նախագահի թեկնածուի համար Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման մյուս կարևոր նախապայմանը հայաստանաբնակ հայերի և սփյուռքահայերի միջև տարբերություն չդնելն է, ինչպես նաև սփյուռքահայերի նպաստը՝ հայրենիքը զարգացնելու գործում: Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև հայացքը դեպի ապագան ուղղելու և 21-րդ դարի «գործիքներից» օգտվելու անհրաժեշտությունը:
«Հայաստան-սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք դեպի ապագան, դեպի երիտասարդները, դեպի 21-րդ դարը: Այն գործիքները, որոնք օգտագործել ենք նախկինում՝ Հայաստան-սփյուռք կապը ամրապնդելու համար , այսօր պետք է տարբերվեն, քանի որ 21-րդ դարն է»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդման բանալին ազատ մտածելակերպ ունեցող երիտասարդների ձեռքում է:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպել մտավորականության հետ, ճիշտ քայլ էր. Էդվարդ Միլիտոնյան
- Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ
- Արմեն Սարգսյանը Հայաստանում չի ապրել, հայ մարդու դարդուցավով չի ապրել. Արթուր Բաղդասարյան
- Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
- Այսօր մենք Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին