Մարզիկներն արդեն ֆիզիկապես լավ վիճակում են. Փաշիկ Ալավերդյան
«Հայաստանի ծանրամարտի առաջնությունից գոհ եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։
Մարզիչը շեշտեց, որ մարզիկներն արդեն ֆիզիկապես լավ վիճակում են. «Մեր հավաքականը և նրանց հետ միասին ընդգրկված ևս մի քանի տղաներ կմասնակցեն ուսումնամարզական հավաքների։ Մարզումներից ոչ ոք դուրս չի մնա։ Իսկ տղաները կատարեն էլ իրենց առջև դրված բոլոր խնդիրները»։
Այնուհանդերձ, մարզիչը որոշակի խնդիրներ առանձնացրեց. «Առաջին հերթին պետք է վարժությունների կատարման տեխնիկական հարցերը լուծենք։ Մեր թիմին ձեռք է տալիս Ուկրաինայում մարզումները շարունակել, 20-օրյա մարզումներ կլինեն, որոնցով կպատրաստվենք հուլիսին Եվրոպայի պատանիների և աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Աղջիկներն էլ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Օլիմպավանում»։
Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է Ազգային ժողով նախագիծ ներկայացնել, ըստ որի երկու տարվա ազատազրկման պետք է ենթարկել արգելված նյութեր օգտագործող մարզիկներին. «Կառաջարկեմ երկու տարվա ազատազրկման ենթարկել, ինչու՞ թմրամիջոց օգտագործողները կարող են երկու կամ երեք տարի ազատազրկվել, իսկ նրանք ոչ, դրա օրինակը արդեն շատ պետություններում կա։ Դա պետք է մեր երկրում ևս ավելի շուտ լիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի «պա դե դե» Հայաստանի առաջնությունում
- Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը