Հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում. Աշոտ Մանուկյան
Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այս մասին այսօր Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նիստը համանախագահել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Նիստին ներկա են գտնվել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:
Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր երկու երկրների տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հարցերը վերաբերում էր էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիանների, կրթության, առևտրի, տարածաշրջանային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտներին։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Աշոտ Մանուկյանը կարևորելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտություն՝ նշել է, որ անցնող մեկ տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց իրատեսական էին, որի համար պահանջվում էր ամենօրյա հետևողական աշխատանք. «Այսօր, չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին, արդեն կարելի է հստակորեն հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»:
Նախարար Մանուկյանն ասել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. «Դրա վկայությունը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններն են, որոնք նոր լիցք են հաղորդում մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Բարձր մակարդակի հարաբերությունների մասին է վկայում նաև 2017թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ընթացքում ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ»:
Նախարարն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում, և համոզմունք հայտնեց, որ առևտրատնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու համար հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովն ունի իր առանձնահատուկ առաքելությունը` ապահովելու նախորդ 14-րդ համատեղ նիստի ամփոփիչ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը, վեր հանելու առկա խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:
2017թ. hոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարվել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիքի ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրականական կողմի հնարավոր մասնակցությունը: Կարևորվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը նաև մաքսային մարմինների միջև: Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ նշվել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Կողմերն ընդգծել են, որ տնտեսական համագործակցության համատեքստում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Նիստի ավարտին ստորագրվել է «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատուհան է դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա. Ռեզա Արդաքանիան
- Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան
- Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել. Իրանի էներգետիկայի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում