
ՍԱՊԾ. 125 կգ միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:
Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը:
Թեև սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով դեռևս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ծանուցումների ու խորհրդատվության միջոցով, տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխան:
ՍԱՊԾ-ից հիշեցնում են, որ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:
Շրջայցեր կլինեն նաև մսի վաճառքի այլ շուկաներում:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը
- Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է