Ներկայացվեցին «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքն ու «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմը
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում այսօր ներկայացվեցին «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքն ու «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմը:
«Գիրքն իրոք յուրահատուկ աշխատանք է: Այստեղ ներկայացվում են սումգայիթյան ջարդերը դրանց ականատես ադրբեջանցիների աչքերով: Նրանք այդ ամենը տեսել են, հետո ներկայացրել վկայությունների տեսքով»,- լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
Նա ընդգծեց՝ հենց ադրբեջանցիների շուրթերով հաստատվում են այն բազմաթիվ եզրակացությունները, որ ջարդերը կազմակերպվել ու իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից, ջարդերին մասնակից հազարավոր հանցագործներից քրեական պատասխանատվության են ենթարկվել կատարողներից մի քանի տասնյակը, իսկ կազմակերպիչներն անպատիժ են մնացել:
«Դատական գործընթացների ու քննության ժամանակ հենց ադրբեջանցիները վկայում են, որ այդ գործողություններն ուղղված են եղել բացառապես հայերի դեմ: Մարդիկ բացեիբաց ասում էին, որ փնտրում էին հենց հայերին, սպանում էին հենց հայերին: Վկայում էին այն մասին, որ ջարդարարների ձեռքին եղել են հայերի բնակարանների հասցեները»,-վկայություններն ընդհանուր առմամբ ներկայացրեց նախագծի հեղինակը, ավելացնելով, որ միաժամանակ ոչնչացվել են իրեղեն ապացույցները, որոնք պետք է օգնեին բացահայտելու հանցագործությունը: Ադրբեջանցի ականատեսները պնդել են, Սումգայիթում ավելի շատ հայ է զոհվել, քան պաշտոնապես ներկայացվող 27 թիվն է:
Մ. Գրիգորյանը շեշտեց, որ «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմում բացահայտվում է այն առասպելը, թե իբր Սումգայիթում չեն սպանել հայ երեխաներին:
«Մենք գտել և ներկայացրել ենք երեխաների սպանությունների և կտտանքների ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ»,-ասաց նա:
Սումգայիթի ջարդերի թեման եղել է 2009 թվականից մեկնարկած «Սովորական ցեղասպանություն» նախագծի հիմնական ուղղություններից մեկը: Հրապարկվել են գրքեր, բրոշյուրներ, ստեղծվել է ֆիլմ ու կայք:
«Ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ արխիվի ստեղծումը: Մեզ հաջողվեց գտնել ու ձեռք բերել շատ կարևոր նյութեր, որոնք մինչ այդ անհայտ էին, գտնվում էին մասնավոր ձեռքերում, տարբեր կազմակերպությունների արխիվներում»,-ասաց բանախոսը:
Հավաքված արխիվային նյութերը թվայնացվել են, տեսագրությունները ոչնչացման եզրին էին: Դրանք հետագայում օգտագործվել են նախագծի շրջանակում պատրաստված ֆիլմերում, հրատարակված գրքերում, տեղադրվել են Karabakhrecords կայքում:
Ասուլիսի մյուս բանախոս «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ աշխարհասփյուռ հայերի աշխատանքի շնորհիվ կարող են հանցագործությունն ապացուցող նոր փաստաթղթեր ու տեղեկություններ բացահայտվել, որի արդյունքում պատկերն ամբողջական կլինի:
Ֆիլմի անունը, ըստ նրա պատահական ընտրված չէ՝ «Սումգայիթ. Սպանված սերունդ», կոտորածներին մասնակցել են ադրբեջանցի դեռահաս տղաներ ու աղջիկներ: «Այսինքն, ադրբեջանցի երեխաներին, դեռահասներին ընդգրկել են սարսափազդու այդ հանցագործությունների մեջ, պատանիներն ակտիվ մասնակցել են սպանություններին: Նրանց թվում եղել են նույնիսկ 3-4 տարեկան երեխաներ: Սա պատահական չէ, դա բնորոշ է բոլոր ցեղասպանական ակտերին»,-ասաց նա:
Հիշեցնենք, նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էին»
- Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. ԱԺ նախագահ
- «Սումգայիթյան ջարդեր» թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ
- Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել
- Սումգայիթն այն դեպքն է, երբ մարդուն սպանում էին նրա համար, որ ինքը հայ է. Միքայել Մելքումյան
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- Լիոնում ցուցադրվել է «Սումգայիթ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին