Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան
Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում: Այս մասին այսօր՝ Երևանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե մշտապես խոսվում է հայ-իրանական գործակցության մասին, բայց այն ամբողջությամբ չի իրացվում, ի՞նչն է խանգարում առավել լայն թափով գործակցություն ծավալելու համար:
Ըստ նախարարի՝ թեև Հայաստանի պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում, սակայն միջկառավարական հանձնաժողովի նիստերը, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են, որպեսզի գոյություն ունեցող խնդիրները լուծվեն: «Ես որևէ խնդիր մեր համագործակցության զարգացման ճանապարհին չեմ տեսնում», - ասաց նախարարը:
Անդրադառնալով գործարարների կողմից բարձրացված խնդիրներին, մասնավորապես՝ օրենսդրության տարբերություններին, ինչը համագործակցության հիմնական խոչընդոտներից է, Աշոտ Մանուկյանը նշեց, որ 2017 թվականի դեկտեմբերին Մեղրիում բացվել է ազատ տնտեսական գոտին, Իրանում էլ գործում է «Արազ» ազատ տնտեսական գոտին, և վստահություն հայտնեց, որ երկու ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը կնպաստի այն օրենսդրական տարբերությունների համահարթեցմանը, որոնք առկա են:
«Իհարկե օրենսդրությունը մեր երկրներում տարբեր են, իհարկե դրանք կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, դրանք կարող են տարբեր իրողություններ ստեղծել, բայց երկու ազատ տնտեսական գոտիները կլուծեն նման խնդիրները»,- ընդգծեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան