Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ պաշտոնում առաջադրել են Գևորգ Բալաբեկի Դանիելյանի թեկնածությունը։ ԱԺ նիստում թեկնածուին ներկայացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ թեկնածությունն առաջադրվում է 5 տարի ժամկետով:
Ներկայացնելով Գևորգ Դանիելյանի կենսագրությունը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան ու գիտնական։ Ուստի մենք առաջարկում ենք հարմար պահի նրա թեկնածությունը դնել փակ գաղտնի քվեարկության»։
Գևորգ Դանիելյանը ներկայումս աշխատում է Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։
«Սահմանադրական դատարանում արձանագրվում է մի փաստ, որ դատական իշխանության մարմինները խիստ հազվադեպ են դիմում ՍԴ, բայց բնականաբար խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Սահմանադրական դատարանում իմ աշխատելու տարիներին ինձ համար նաև պարզ դարձավ, որ չափազանց բարդ է խնդիրը և բազմասպեկտ, քանի որ մեզ առավել մտահոգողն այն է, որ դատական իշխանության մարմինները պարզապես իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության տեսանկյունից լրջագույն խնդիրներ են ունենում»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց թեկնածուն։
Նրա խոսքով՝ երբեմն լինում են օրենքներ, որոնք տառացիորեն համապատասխանում են միջազգային պայմանագրերին, բայց ակնհայտ սխալ են ընկալվում ու կիրառվում, ինչն էլ ոչ միայն առաջացնում է որոշումների մեծ քանակ արդեն փաստաբանների կողմից ՍԴ, այլև միջազգային դատական ատյաններ։
Ինչ վերաբերում է դատավորների արհեստավարժությանը՝ Գևորգ Դանիելյանն ասաց. «Արդյո՞ք Արդարադատության ակադեմիան և նմանաբնույթ այլ ինստիտուտներ բավարար են դատական իշխանության կայացման համար, իմ պատասխանը բացասական է, քանի որ ցանկացած այսպիսի կառույց կարող է արդյունավետ աշխատել, եթե իրենք ևս զգում են մի այնպիսի մարմնի աջակցություն, որը կարողանում է իրեն զերծ պահել ցանկացած միջամտությունից, այդ թվում նաև դատական իշխանության մարմինների կողմից։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդն օժտված է նաև այդպիսի կարգավիճակով և կարող է աջակցել նաև այսպիսի մարմինների բնականոն գործունեությանը՝ ինչի արդյունքում կհանգեցնի նաև դատական իշխանության արդյունավետությանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան