Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գալուստ Սահակյան
Բարձրագույն դատական խորհուրդը մեծ աշխատանքներ ունի կատարելու, և գոնե մեկ տարվա ընթացքում ժողովուրդը կնկատի, որ որոշակի փոփոխություններ կան: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ միաժամանակ հավելելով՝ ԲԴԽ-ի ստեղծվելուց մեկ շաբաթ անց չպետք է ակնկալել, որ հայաստանյան դատարանները պետք է սկսեն լավագույնս աշխատել։
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, խորհրդում ընդգրկված են մարդիկ, որոնք հասարակությանը վստահություն չեն ներշնչում, ուրեմն՝ կարո՞ղ են իրենց պարտավորությունները կատարելիս ապաքաղաքականացված լինել և ձևավորել մի կառույց, որի հանդեպ հասարակությունը վստահություն կտածի, պատգամավորը պատասխանեց. «Իմ ու Նիկոլ Փաշինյանի կարծիքները լրիվ տարբերվում են իրարից, որովհետև, երբ մարդ ընդդիմություն է լինում, ընդդիմության ճամբարում է, ինչ ասես չի խոսում, հենց գալիս է իշխանություն, որ պիտի կարողանա որոշակի գործունեություն ծավալել, նոր ընդդիմություն է ստեղծվում, և ինչ-որ մեկը դառում է ընդդիմություն: Այս դեպքում էլ կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ»։
Սահակյանն ընդգծեց, որ բարձրագույն խորհրդի անդամները պետք է լավ աշխատեն, որպեսզի դատական մարմիններն իրենց տեղում գտնվեն։
«Յուրաքանչյուրս մեր կարծքիներն ունենք, և դրանցով առաջ ենք գնում: Եթե մարդն ուզում է, որ իր կարծիքն առաջ գնա, պիտի աշխատի ժողովրդի հետ, որ գա իշխանության և կարողանա իր կարծիքն իրագործել», - նշեց նա։
Լրագրողները ՀՀԿ-ական գործչից նաև հետաքրքրվեցին՝ իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն: Գալուստ Սահակյանը միանշանակ համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան:
«Քաղբանտարկյալության պրոցեսներ չկան, պարզապես մարդիկ են, որոնք որոշակի քաղաքական ծրագրեր ունեն և պայքարում են այդ ծրագրերի համար: Բայց եթե այդ ծրագիրը իրագործելու ժամանակ հանցագործություն են կատարում, դա չի նշանակում, որ քաղբանտարկյալ են, այլ հանցագործության համար բռնվածներ են», -նշեց նա։
Հարցին՝ իր կարծիքով ընդդիմությունն աշխատո՞ւմ է ժողովրդի հետ՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց. «Չեմ կարծում: Հիմա արդեն գյուղապետերի ընտրությունների շրջան է, որևէ ընդդիմությունից մարդ չկա: Եթե դու չես ուզում գյուղապետեր ունենաս, ինչպե՞ս ես գալու իշխանության։ Պիտի գյուղապետ ունենաս, որ նա ժողովրդի առջև ծառացած խնդիրներ լուծի, որպեսզի ժողովուրդը հավատա ընդդիմությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին