Կարեն Կարապետյան. Իրանի հետ հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին: Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և զարգացնելու համար: Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում:
Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է նշված ոլորտներում գործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել առևտրաշրջանառության ծավալերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
«Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված են խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ և պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր և պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Հայաստանին ազնվացեղ եղջերուներ կտա
- Հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում. Աշոտ Մանուկյան
- Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում