Հայաստանը պատուհան է դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա. Ռեզա Արդաքանիան
Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական միության 180 մլն-անոց շուկա դուրս գալու համար: Այս մասին Երևանում այսօր կազմակերպված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը հիմնված է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա: «Անշուշտ, Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- նշեց նախարարը:
Ռեզա Արդաքանիանը միաժամանակ ասաց, որ թեև հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այդուհանդերձ, երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար կա ավելի մեծ պոտենցիալ և ներուժ, որը լավագույնս չի օգտագործվում:
«Որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահներ՝ մեծ պարտականություն է դրված մեր ուսերին, որպեսզի կարողանանք լավագույնս օգտագործել այդ ներուժը»,- դիմելով ՀՀ էնգերտիկայի և բնական պաշարներին նախարարին՝ ասաց Ռեզա Արդաքանիանը:
Նրա խոսքով՝ այն օրվանից, երբ Իրանի էներգետիկայի նախարարությունը ստանձնել է միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական և աշխարհագրական դիրքը, կարևորել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման, Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման հարցը, Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը, առողջապահության ոլորտում համագործակցությունը և այլն:
Ռեզա Արդաքանիանը նշեց նաև, որ պետք է աջակցեն, որպեսզի զարգանա մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ինչպես նաև նպաստեն երկու երկրների միջև գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության ընդլայնմանը:
«Բարենպաստ պայմաններ են ստեղծված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Կարծում եմ, որ երկու երկրների մասնավոր հատվածները այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ կարող են հանդես գալ որպես առաջնորդ»,- ասաց Ռեզա Արդաքանիանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան
- Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել. Իրանի էներգետիկայի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին