Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել. Իրանի էներգետիկայի նախարար
«Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել, և Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել»,- այս մասին այսօր՝ Երևանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իսլամական հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը՝ պատասխանելով հարցին, թե իրանական կողմը բազմիցս ասել է՝ պատրաստ է հարմար գներով գազ մատակարարել Հայաստանին, արդյոք կարո՞ղ են ասել, թե որն է այդ հարմար գինը:
«Ես կարծում եմ՝ մոտ ապագայում բանակցություններ կվարվեն իրանական և հայկական կողմերի միջև: Իրանի կողմից այդ բանակցություններին կմասնակցի Նավթի նախարարությունը, հայկական կողմից՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Կարծում եմ, որ մոտ ապագայում այդ բանակցությունների արդյունքը և լուրը հասանելի կլինի ժողովրդին»,- հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է: Նրա խոսքով՝ մինչ այսօր Իրանի կողմից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է:
Հայկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ 2017 թվականին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թ-ի համեմատ կազմելով 7%:
Նա միաժամանակ նշել էր, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, և այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան