Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
«ՍԴ-ն իր տարեկան հաղորդումներում արձանագրել է, որ դատարանները պասիվություն են ցուցաբերում ու չեն դիմում ՍԴ, երբ գործերի մեծամասնության դեպքում կողմերը միջնորդել են, որ կասեցվի քննությունը, դատարանը դիմի ՍԴ»,-ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
Ընդդիմադիր պատգամավորը ՀՀԿ և ՀՅԴ կողմից բարձրագույն դատական խորհուրդի անդամի թեկնածու առաջադրված Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների՝ ՍԴ դիմելու ակտիվությունը բարձրացնելու համար:
Նա նաև հարցրեց՝ ի՞նչ կառուցակարգեր են պետք, որպեսզի դատարանները կարողանան փոխլրացնել, զսպել գործադիր իշխանությանը: Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորի հաջորդ հարցը դատավորի պատասխանատվությանն ու դատական անկախության ապահովմանն էր վերաբերում:
Գ. Հարությունյանն ընդունեց՝ իրոք, ՍԴ դիմելու հարցում դատարանները պասիվ են, խնդիրն առկա է: ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են:
«Դատարանների դիմումները տարեկան եղել են 2-3, որը շատ փոքր թիվ է: Ես կարող եմ օրինակ, բերել Ավստրիան, այստեղ դիմումների 70 տոկոսը ներկայացնում են դատարանները: Մենք փորձելու ենք պարզել պատճառները, կարծում եմ, պետք է ներմուծել մշտադիտարկման մեխանիզմ, վերլուծել, թե ինչ է կատարվում, տեսնել որտեղ են բացերը, ինչից հետո օրենքով սահմանված կարգով ձեռնամուխ լինել դրանց հաղթահարմանը»,-ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց՝ բարձրագույն դատական խորհուրդը արդարադատական գործընթացին միջամտելու իրավասություն չունի, օրենքով սահմանված գործիքակազմը փորձելու են արդյունավետ օգտագործել՝ հասնելու այդ ու այլ հարցերի լուծման:
Ինչ վերաբերում է դատարանների անկախության ապահովմանը, ապա Գ. Հարութունյանն ասաց, որ շատ լուծումներ ամրագրված են հենց Սահմանադրության մեջ:
«Այս մարմինը՝ բարձրագույն դատական խորհուրդը ստեղծվում է հենց այդ նպատակի համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
- ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին
- Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչու համաձայնեց աշխատել բարձրագույն դատական խորհրդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան