Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր հասցե ունի
Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր շենք կունենա, հասցեն՝ Գևորգ Քոչար 21: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փետրվարի 27-ին լրագրողներին ներկայացրեցին Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը։
«Ամենաբարի լուրը, որ ուզում ենք ավետել, այն է՝ այս տարվա մայիս ամսից սկսվում են շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն եկող տարվա մայիսին: 2019-ի մայիսին կազդարարենք թատրոնի բացումը՝ նոր շենքով, նոր տարածքով, նոր դահլիճով, և բոլորիդ կհրավիրենք միանգամից որպես հանդիսատես»,- նշեց նախարարը:
Արմեն Ամիրյանը հայտնեց, որ թատրոնի նոր տարածքի նախագծային արժեքը մոտ 260 մլն դրամ է, պետք է մրցույթ հայտարարվի, ծավալները շտկվեն: Այս տարի 60 միլիոն կվճարեն հաղթած շինարարական կազմակերպությանը, իսկ հիմնական գումարային վճարումը կլինի եկող տարվա սկզբում՝ պայմանով, որ մինչև մայիս պիտի ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները: Նախարարը նաև տեղեկացրեց՝ հաջորդ տարվա բյուջեով նաև լուծելու են թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի խնդիրները: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում շինարարական կազմակերպությունների համար մրցույթ կհայտարարվի:
«Շենքի առաջին երկու հարկը մասնավոր սեփականատեր ունի, կարծես լքված վիճակ է այս պահի դրությամբ: Մենք հուսով ենք, որ երբ թատրոնը սկսի գործել, մասնավորը ևս ուշադրություն կդարձնի իր տարածքին: Հուսանք՝ այս տարածքները ևս մշակութային նպատակի կծառայեցվեն, կամ գոնե հարմար մի նախաձեռնություն կլինի, որը համահունչ կլինի թատրոնի հետ»,- ասաց նախարարը:
Ժիրայր Դադասյանը նշեց, որ 2019-ի մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, ու պիտի հասցնեն այդ օրը բացումն անել, այն էլ՝ հանդիսավոր: «Իսկապես, ամեն առիթ, որ վերաբերում է մեր տարածքին, մեծ բավականություն է ինձ պատճառում, այսօր նախագիծն ենք ներկայացնում, մի քանի օրից լրանում է իմ պաշտոնավարման 20 տարին թատրոնում, հաշվետվության նման մի բան է, որ 20 տարվա ընթացքում եկանք, հասանք այս կետին»,- ասաց Դադասյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ թատրոնի դահլիճը լինելու է մոտ 120-130 տեղանոց, առավել հստակ թիվը պարզ կլինի հարդարումից հետո: Դադասյանն ասաց, որ թատրոնի շենքի բացումը ազդարարվելու է նոր ներկայացմամբ, որն արդեն մտածված է: «Լինելու է «Պիեռոյի երազը», դասական մնջախաղային թեմա է, որը շատ ժամանակակից խնդիրների պիտի անդրադառնա, որը վերաբերում է մեզ: Մեր մասին է լինելու՝ լիրիկական-կոմիկական էլեմենտներով»,- նշեց նա:
Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանն ասաց, որ իր անմիջական մասնակցություն է ունեցել թատրոնի նոր նախագծի գծագրման աշխատանքներին: «Թատրոնն ունի իր առանձնահատկությունները՝ ինչ սենյակներ պիտի լինեն, մուտքերը որտեղից պիտի լինեն, որը պիտի բաց լինի, որը՝ փակ: Մենք համաձայնության ենք եկել՝ հաշվի առնելով, որ՝ սա հին շենք է, մենք այս շենքի երրորդ հարկում ենք լինելու, հարևանների հետ կապված բազմաթիվ խոչընդոտներ՝ լուծվել են»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նախագծով կարծես դասական ճարտարապետությունը ժամանակակիցի հետ է համադրվում՝ դասական շենք, կողքին՝ LED էկրան, Քյուրքչյանն արձագանքեց, թե դա մտածված է արվել. Երևանը պետք է նաև նոր տեխնոլոգիաների ուղղությամբ զարգանա: Թատրոնի շենքի մուտքի մոտ լինելու է ժամանակակից վերելակ՝ սակավաշարժ խմբերի համար:
Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մնջախաղի թատրոնից բացի, շուտով պատրաստ կլինի նաև կամերային թատրոնի շենքը և ազդարարվելու է նաև Համազգային թատրոնի շենքի մասին: «Մոտ ժամանակներս այդ մասին կխոսենք ավելի բարձրաձայն, ունենք նախագծային պատկերացումները, այս պահին նախագծման փուլն է: Համազգայինը լինելու է թատրոնի հարևանությամբ՝ ֆինանսավարկային քոլեջի տեղում, շենքի որոշակի վերակառուցումների արդյունքում ստանալու ենք առանձին թատրոնի շենք»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մնջախաղի թատրոնը Տյումենում կմասնակցի Երիտասարդական թատերական փառատոնին
- Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ճարտարապետն աշխատելու են միասին
- Երևանի մնջախաղի թատրոնը սեփական տանիքն ունի
- Մնջախաղի միջազգային փառատոնով փորձում ենք աշխուժացնել մարզերի մշակութային կյանքը. Դադասյան
- «Սա մնջախաղ չէ, սա թատրոն է». վրացական արձագանքը «Շերամիկ» ներկայացման մասին
- Ժ. Դադասյան. Անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ շենք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան