Զինվորականներ, սպորտսմեններ, երիտասարդ գիտնականներ. «Հայկյան» 2017-ի հերոսները
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 28-ին անցկացվում է «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մրցանակներ կհանձնի 2017 թ. ընթացքում երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած գործիչներին, կառույցներին, ինչպես նաև երիտասարդական ծրագրերի համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայկյան» մրցանակաբաշխությունը 17 տարի անընդմեջ իրականացվող ծրագիր է, որը գալիս է՝ խրախուսելու, գնահատելու մեր երիտասարդներին, ուսանողներին, երիտասարդների բոլոր այն նախաձեռնությունները, որոնք իրենք տարվա ընթացքում իրականացնում են:
Ավագյանն ուրախությամբ նշեց, որ այս 17 տարիների ընթացքում որևէ բողոք, որևէ անհամաձայնություն չի եղել, և հաղթողները իրականում թե արժանի կազմակերպություններ են եղել, թե անհատներ: Վերջին տարիներին մրցանակաբաշխության ժամանակ ավելացել են հատուկ մրցանակներ, որոնք տրվում են հատուկ ձևով, այսինքն՝ ոչ թե իրենք են դիմում, այլ հիմնադրամն է բացահայտում այն անհատներին, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ծրագրերով, աշխատանքով, ձեռքբերումներով:
«Հատուկ մրցանակների մեջ կտեսնեք և զինվորականների, և սպորտսմենների, և երիտասարդ գիտնականների, մարդիկ, ովքեր տարվա ընթացքում գլուխը կախ իրենց գործն են արել, և չեն էլ մտածել մրցանակ ստանալու կամ գնահատականի մասին, նմանատիպ մարդիկ նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու և ստանալու «Հայկյան» մրցանակը»,- ասաց նա:
Ավագյանը նշեց, որ տարեցտարի դժվարանում է ընտրությունը, որովհետև ավելանում են ծրագրերը, և ավելի դժվար է լինում հաղթահարել այն շեմը, որից հետո արժանանում են այս մրցանակին:
Ռազմական բժիշկ Գևորգ Հարությունյանը, ում անունը Պաշտպանության նախարարությունից ներկայացրել են մրցանակաբաշխությանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ենթադրում է՝ իրեն մրցանակի են առաջադրել զինվորի առողջությունը արժևորելու, յուրաքանչյուրին միշտ ուշադրության կենտրոնում պահելու, յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար: Նա նշեց, որ ցանկացած սպայի համար մեծ պատիվ է, երբ իր գործը գնահատվում է: