Brussels Airlines-ը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը
Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը լրջորեն քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման հնարավորությունը: Այդ մասին Երևանում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերը:
Նա կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:
Վարչության փոխանցմամբ, Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:
Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում: