Հիմնական մտահոգությունը կեղծ տվյալների հրապարաման պատասխանատվության ինստիտուտն է. Մելքումյան
Խորհրդարանը քննարկում է Պաշտոնական վիճակագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը իր ելույթում նշեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքը միջազգային, հատկապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Նախագծով հստակեցվել է վիճակագրության պետական կոմիտեի տեղը կառավարման համակարգում: Սահմանվել է, որ կոմիտեն Կառավարության ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է, և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածմանն ուղղված ողջ գործունեությունը»,- նշեց հիմնական զեկուցողը։
Նա տեղեկացրեց նաև, որ օրինագծով ձևավորվելու է պաշտոնական վիճակագրության հանրային խորհուրդ, որը խորհրդատվական մարմին է լինելու. «Այն բաղկացած կլինի 11 անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտների օգտագործողների: Հանրային խորհրդի անկախությունն ապահովելու նպատակով անդամների մեջ պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է մեծամասնություն կազմեն»։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը դիմելով Ստեփան Մնացականյանին՝ հարցրեց. «Օրենքի հիմնական մտահոգությունը կեղծ կամ մեղմ ասած ոչ հավաստի տվյալների հրապարաման կամ թողարկման համար պատասխանատվության ինստիտուտն է։ Կա՞ արդյոք այդ պատասխանատվության ինստիտուտը»։
ԱՎԾ նախագահը պատասխանեց, որ պաշտանական վիճակագրություն արտադրողների, պաշտոնատար անձանց նախատեսվում է պատասխանատվություն պաշտոնական վիճակագրության մասին օրենքի բոլոր դրույթներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար։