Երևանում բացվեց Սարյանի ապակե «Ծաղիկների» ցուցադրությունը
Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում փետրվարի 28-ին բացվեց նրա «Ծաղիկներ» եզակի աշխատանքի ցուցադրությունը: Այն նկարված է ապակու վրա, աշխատանքը Երևան է բերել ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովը:
«Ծաղիկներ»-ի ստեղծման ընթացքը նաև ֆիլմ է դարձել, այն պատկերված է 1965 թ.՝ Սարյանի 85-ամյակի նախաշեմին նկարված վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Լաերտ Վաղարշյանը, օպերատորը՝ Մարատ Վարժապետյանը, տեքստը գրել է ռուս հայտնի գրող Իլյա Էրենբուրգը, երաժշտությունը՝ Մարտիրոս Սարյանի կրտսեր որդին՝ Ղազարոս Սարյանը: Ֆիլմի բնօրինակը հայերեն է, նկարահանվել է «Արմենֆիլմ»-ում, իսկ Էրենբուրգի տեքստը հայերեն է թարգմանել Պարույր Սևակը: Հայերեն տարբերակում տեքստը կարդում է Խորեն Աբրահամյանը, բնօրինակը, սակայն, դեռ թվայնացված չէ:
«Ուզում ենք՝ այդ ֆիլմը նոր շունչ ստանա ու նոր կյանք, այն տարիներ շարունակ եղել է արխիվացված և չի հասել հանդիսատեսին: Կադրի մեջ Մարտիրոս Սարյանն է՝ զարմանալիորեն անկաշկանդ, կարծես չի նկատում տեսախցիկի՝ իր կողքին լինելը, դա էլ երևի իր զարմանալի խառնվածքի մի արտահայտությունն է: Սարյանի շուրջը ամենը, ինչ կա ֆիլմում, փաստորեն մի ամբողջ երկրի պատմություն է, և արված է մեծ վարպետությամբ»,- ասաց նա:
Ֆիլմի ռեժիսորի դուստրը՝ Մարինե Վաղարշյանը, նկատեց՝ յուրաքանչյուր արվեստագետի համար ամենակարևորն այն է, որ իր գործը լինի երկարատև, այսինքն՝ մարդիկ հիշեն և անդրադառնան այդ գործին: «Ստեղծագործող անձի համար ժամանակը երևի թե քննություն է, թե որքանով է նա ճիշտ ու ճշմարիտ, բարձր արվեստ ստեղծել: Իհարկե, Մարտիրոս Սարյանը ժամանակին ունեցել է շատ հակառակորդներ, ովքեր քննադատաբար էին վերաբերվում, քանի որ պետք է հիշել այդ ժամանակները: Ժամանակները խիստ էին, խորհրդային, որտեղ ամեն լավ բան ուզում էին խեղդել ի սկզբանե»,- ասաց նա: Վաղարշյանը նշեց՝ հայրը Սարյանի դեմ ուղղված քննադատություններն ընդունում էր որպես իր գաղափարներին ուղղված քննադատություն:
Յուրի Նոսովը անկեղծացավ՝ «Ծաղիկներ» աշխատանքի ստեղծումը պատկերող ֆիլմն արդեն երեք անգամ տեսել է. այն ցուցադրել են ռուսական հեռուստատեսությամբ: Նա նաև նշեց՝ իրեն անչափ ուրախացնում է այն, որ ապակու վրա ստեղծված այդ աշխատանքը հաճույք է պատճառում ցուցադրության հյուրերին: «Սա յուրահատուկ գործ է, այն նկարված է թափանցիկ ապակու վրա: Ես առաջին անգամ եմ Երևանում, ուրախ եմ, որ այստեղ եմ՝ նրա ընկերների շրջանում: Իմ ունեցած աշխատանքները ես միշտ տալիս եմ ցուցադրության: Մասնավոր կոլեկցիոները պետք է երբեմն իր աշխատանքները ցուցադրի»,- ասաց նա: