Երրորդ անգամ էլ եմ պատրաստ բանտ նստել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքը որոշում է կայացրել դեմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածուներ Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, իսկ մյուսների քվեարկությունն ազատ է թողնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Գագիկ Հարությունյանը կանգնում-ասում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քննարկել ենք, արդյունքում չեն կեղծվել, իր ՍԴ-ի որոշումը, որ նայենք 100 փորձագետ աշխատել է վրան, օրենքին կարող է համապատասխանել, ընթացակարգին համապատասխանել, ամեն ինչին համապատասխանել, բայց ճշմարտությանը չի համապատասխանում։ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե չկան: Դե չկան: Նայենք ընթացակարգին համապատասխանի, քրեական օրենսգրքին համապատասխանի, քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանի, բայց ճշմարտությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Ես ինչո՞ւ էի ասում՝ Սերժ Սարգսյանը, հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու առաջադրվելո՞ւ է, սա պաշտոնական հայտարարությո՞ւն է, թե՞ պաշտոնական հայտարարություն չէ: Այդ նույն երիտասարդ թեկնածուներից մեկն ասում է՝ ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ինչի՞ չես պատասխանի, մեջբերում է, ասա՝ այս մեջբերումը ի՞նչ է նշանակում: Պարզ ճշմարտություն է։ Սահմանադրական պարտականություններն էլ կկատարեն, օրենսդրական պարտականություններն էլ կկատարեն, բայց իրենց գործունեությունը ճշմարտության հետ, ոչ մի կապ չի ունենա»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե նրանցից մեկը իրենց նախկին թիմակիցն է, բոլորի՞ն է դեմ, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը մասնավորապես բոլորին դեմ է քվեարկելու։ Հարցին, թե ի վերջո հստակեցվա՞ծ է, որ ինքը գործուղվելու է Ազատության հրապարակ, և ի՞նչ ձևաչափով, ի՞նչ է անելու այնտեղ, Փաշինյանը պատասխանեց.
«Քննարկումները շարունակվում են, և այդ քննարկումների արդյունքում կլինեն որոշումներ: Մարտի 5-ին նշանակված է հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ, այդ քննարկումների արդյունքում էլ ես իհարկե ասել եմ, և ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքը անել Ազատության հրապարակում և հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ «Ելք» դաշինքում կունենանք կոնսենսունս՝ համաձայնություն, և հույս ունեմ, որ մենք շատ կոնկրետ գործողություններով կանենք այն, ինչ-որ պարտավոր ենք»։
Ճշգրտող հարցին, թե այս թեմայի շուրջ ո՞ր հարցում հատկապես կա անհամաձայնություն, Փաշինյանը պատասխանեց, որ քանի դեռ քննարկումը չի ավարտվել, չի կարող ասել, թե որ հարցում կա համաձայնություն, և որ հարցում չկա։
Իսկ քանի դեռ խմբակցությունում համաձայնություն չկար, ինչո՞ւ ֆեյսբուքյան իր պատին գրեց, որ ընտանիքի հետ հարցը քննարկել են, և պատրաստ են իրեն գործուղել Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց «Գրված էր, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ, դա չի նշանակում, որ իրենք ինձ տնից դուրս են արել, ասել են գնա Ազատության հրապարակ»։
Դիտարկմանը, որ ինքը քաղաքական գործիչ է, և ըստ երևույթին, պետք է առաջնային դաշինքի անդամների հետ քննարկեր, և դաշինքը գործուղեր, այլ ոչ թե ընտանիքը, Փաշինյանը ասաց.
«Իմ ընտանիքը ինձ հետ շատ երկար և բարդ ճանապարհ է անցել՝ կապված Ազատության հրապարակի և դրանից բխող հետագա գործընթացների հետ, և այս հարցում իմ ընտանիքի դիրքորոշումը՝ կներեք շատ կարևոր է, որովհետև մենք հասկանում ենք, թե ինչ պրոցեսներ են, ինչերի կարող են հանգեցնել այդ պրոցեսները, և ինձ համար քաղաքական գործունեության ցանկացած փուլում շատ կարևոր է իմ ընտանիքի աջակցությունն ունենալ՝ ամեն ինչից առաջ»։
Հարցին, թե դաշինքում տարաձայնություններ կա՞ն, Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում էլ ասել եմ, մեր դաշինքում միշտ կան տարաձայնություններ, միշտ՝ ամեն ինչի վերաբերյալ։ Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որ կա բացարձակ ճշմարտություն, և բոլորը դիրքավորվում են այդ բացարձակ ճշմարտության վրա։ Մեր դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ: Մինչև օրս, մենք այդ բոլոր հարցերը կարողացել ենք քննարկել և արդյունքում գալ համաձայնության, և հույս ունեմ, որ այս հարցերում նույնպես կգանք»։
Հաջորդ հարցին, թե պատրա՞ստ, է բանտ նստել Ազատության հրապարակից հետո, եթե իրադարձությունները այդպես զարգանան, Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք այդ հարցը տայիք, մի մարդու, ով բանտ չի նստել, կամ բանտից դուրս է եկել լացակումած, երրորդ անգամ էլ եմ պատրաստ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, և դա բխի իմ քաղաքական սկզբունքները պաշտպանելու անհրաժեշտությունից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան