Նալբանդյան. Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին
«Ցավոք, Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում»,-այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին:
Նա հիշեցրել է՝ Սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում, Եվրախորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձևի ընդունմամբ:
Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառյալ այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ։
«Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և շատ այլ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ և որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ, ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները»,-ասել է նա:
Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԳՆ էջում: