Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները երդվեցին
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թեկնածուներն ընտրվել են։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ 98 պատգամավորից միայն 2 պատգամավորներ են դեմ եղել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը։
«Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ՝ 15-ը, Հայկ Հովհաննիսյանին 86 պատգամավոր է կողմ քվեարկել, դեմ՝ 11, Սերգեյ Մեղրյանն ընտրվել է 87 կողմ, 10 ձայնով»,- նշեց Մելիքյանը։
Այնուհետև նորընտիր անդամները շնորհակալություն հայտնեցին վստահության համար և երդվեցին իրենց պարտականությունները կատարել Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։
«Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանը ստացել է երկու դեմ ձայն, սակայն ես գիտեմ, որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր մասնակցել են ընտրությանը՝ յոթ հոգի, քվեարկել են դեմ Գևորգ Դանիելյանին և Գագիկ Հարությունյանին։ Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության կողմից՝ ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքի», - վարման կարգով հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Գագիկ Մելիքյանն արձագանքեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ողջ գործընթացին, հաշվել քվեաթերթիկները մեկ առ մեկ. «Հանձնաժողովի բոլոր անդամները միասին ստորագրել են ընտրության արդյունքների մասին արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները՝ մեկ առ մեկ։ Անհիմն հայտարարությունների կարիքը բացարձակապես չեմ տեսնում»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ պնդեց, որ այնտեղ փոփոխություն է եղել։
«Մենք անվերապահորեն վստահում ենք այդ հանձնաժողովում մեր ներկայացուցիչներին։ Առաջարկում ենք վերահաշվարկ կատարել, որպեսզի «տարատեսակ կարծիքներ չհնչեն։ Պահանջում ենք, որ այս թեմայով կոնկրետ հետաքննություն անցկացվի և պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել փակ ռեժիմով քվեաթերթիկների հաշվարկը», - հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը
- ԱԺ-ն կընտրի դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին ու պետաիրավական հանձնաժողովի նախագահին
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան