Գագիկ Հարությունյանն ինչո՞ւ չպետք է հույս ներշնչի. Ալիկ Սարգսյան
«Ես կզարմանայի նույնիսկ, որ նորություն լիներ: Չեմ կարծում, որ ինչ-որ նոր, հանրությանը ոչ հայտնի մեկի հայտնվելը Բարձրագույն դատական խորհրդում պետք է հույս ներշնչեր, որ դրանով էլ հենց փոփոխություններ պետք է լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի ձևավորման թեմային:
Հարցին` Գագիկ Հարությունյանը պե՞տք է հույս ներշնչի, նախկին ոստիկանապետը պատասխանեց.
«Գագիկ Հարությունյանն ինչո՞ւ չպետք է հույս ներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»:
Դիտարկմանը, որ նա միշտ եղել է դատական իշխանության մեջ, իսկ այս ամբողջ ընթացքում դատական իշխանությունը կոռուպցիայի մեջ թաղված է եղել, վերջինս արձագանքեց. «Ես չէի ուզենա մի մարդու հետ կապեիք այս ամեն ինչը, չէի փորձի հատուկ պարզաբանումներ անել կամ արդարացնել դատական համակարգը, իհարկե, խնդիրներ թերություններ շատ կան, բայց կապել դա Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, կարծում եմ` արդար չէ: Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել, որևիցե բիծ, զգալի թերություն էս տարիների ընթացքում թույլ չեն տվել»:
Հարցին էլ` այդ անձինք լծակ չե՞ն ունեցել ազդելու դատական համակարգի վրա, Սարգսյանը կարծիք հայտնեց, որ չեն ունեցել, և եթե ունեցած լինեին անպայման կգործեին:
«Հիմա ես ավելին չեմ մեկնաբանի, մի բան կասեմ, որ եթե որևիցե թերություն կա, որը մինչև էս հասարակության ուշադրությունն է գրավել և դա կապում եք Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ, արդար չէ»:
Պատգամավորը նաև նշեց, որ լծակները կիրառել են այնքանով, որքանով ստացվել է, որքանով որ հաջողվել է: «Ես չեմ կարծում, թե սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող էին այն աստիճանի փոփոխության ենթարկեին համակարգը, որ էսօր զերծ մնար այդ համակարգը այս տիպի քննադատություններից: Մի բան քաջ գիտակցեք, որ գոյություն ունի մի ամբողջ համակարգ, որի մեջ անհատ մարդիկ որոշակի դերակատարություն կարող են ունենալ՝ ոչ այն աստիճանի, ինչ դուք ենթադրում եք: Այս համակարգը այսպես թե այնպես գործում է, նա ընդհանուր մի մարմին է, մի մեծ օրգանիզմ է, և մի օրգանի լավ կամ վատ աշխատելը ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»,- շեշտեց նա:
Հարցին` ի՞նչն է փոխվել, որ ԲԴԽ նշված հինգ թեկնածուները կարողանան դատական համակարգի ու դատավորների անկախությունն ապահովել, Ալիկ Սարգսյանը ասաց. «Դուք ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը հարյուր տոկոսով վաղը լույսը կբացվի և կփոխվի, դուք ուզում եք ես այդպիսի մի՞տք արտահայտեմ: Չեմ արտահայտի, դա իմ լիազորությունից վեր է»,- ամփոփեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության ոլորտում մշտական բարեփոխումներ են անհրաժեշտ. Արա Բաբլոյան
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին