Իրենց տան աղբը պաշտոնյաների կանայք ծառայողական մեքենաներով են տանում աղբանոց. Բագրատյան
«Պարոն վարչապետ, Ձեր կառավարման ընթացքում բազմիցս օգտագործում ենք օպտիմալացում եզրույթը՝ բնորոշելով ծախսերի կառավարման արդյունավետ միջոց, միանգամայն կիսելով Ձեր մտահոգությունը, փորձենք հասկանալ իրական գործունեության ընթացքը»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Այնուհետև պատգամավորը հարցերի շարք հնչեցրեց. «Ինչպե՞ս եք գնահատում օպտիմալացման Ձեր ծրագիրը, ինչպիսի՞ ռեալ քայլեր եք նախատեսում դա իրականացնելու, ինչպիսի՞ ծրագիր կա, որը պետք է ներկայացվի ԱԺ, որպեսզի կարողանանք մեր գործառույթն իրականացնել՝ վերահսկելով կառավարության գործունեությունը, և որքանո՞վ եք ճիշտ համարում, որ մեր այս դժվարին ժամանակներում հասարակության խորհուրդ եք տալիս օգտագործել գազ, որպես վառելիք, այնինչ կառավարությունը շարունակում է բենզինով շքեղ մեքենաներով երեխաներին տանել դպրոց։ Իրենց տան աղբը պաշտոնյաների կանայք այդ ծառայողական մեքենաներով ամեն օր տանում են աղբանոց՝ այդ հասարակության աչքի առաջ»։
Բագրատյանի հնչեցրած հարցերին պատասխանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Օպտիմալացումները ինքնանպատակ չեն լինում։ Էմոցիոնալ դաշտը դնենք մի կողմ, բայց օպտիմալացման մոտեցումները մեզ մոտ կայանում է այն փիլիսոփայության վրա, որ մենք դուրս գանք ֆունկցիոնալությունից, կլինի աշխատատեղ, ավտոմեքենա, թե գույք»,- նշեց նախարարը։
Պատգամավորն արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ կառավարության անդամներն այլև կոչ չանեն էմոցիաների վերաբերյալ, քանի որ չեմ կարծում, որ դուք դեցիբալային հնարավորություն ունեք, թե ով էմոցիոնալ խոսեց, ով չէ, ավելի լավ է հարցի բուն էությանը պատասխանեք։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում, որ կառավարությունն անցնի սեղմած գազով մեքենաները լիցքավորելուն, դա կբերի տասնյակ միլիոնների լրացուցիչ խնայողություն, և եթե դուք դա չեք անում, իրավունք չունեք այդ առաջարկը և խորհուրդը տալ պարզ քաղաքացուն»։
Արամյանն ասաց, որ իրենք դիտողություն չեն անում։
Հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան