Հուշարձանների միջազգային օրը կնշվի «Ժառանգություն սերունդների համար» խորագրով
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն /«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ/ տեղեկացնում է, որ ԻԿՕՄՕՍ-ի որոշմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, այս տարվա թեման է՝ «Ժառանգություն սերունդների համար»: Այն համակարգվում է ԻԿՕՄՕՍ-ի Զարգացման պրոֆեսիոնալների աշխատանքային խմբի կողմից:
ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հաղորդմամբ, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա նպատակն է խրախուսել տեղի համայնքներին և անհատներին կարևորել իրենց կյանքում, ինքնության մեջ և համայնքներում մշակութային ժառանգության դերը, նպաստել դրա բազմազանության և խոցելիության իրազեկմանը, ինչպես նաև ջանքեր գործադրել պաշտպանելու և պահպանելու այդ ժառանգությունը:
Սերնդեսերունդ պատմությունների և գիտելիքների տարածումն ու փոխանցումը որոշիչ քայլ է մշակույթների զարգացման գործում, որը բնութագրում է մարդկային փորձը անհիշելի ժամանակներից:
ԻԿՕՄՕՍ-ն առաջարկում է ծավալել գործողություններ հենց այս թեմայով և առաջնորդվել հետևյալ նշանաբաններով՝ Գիտելիքների փոխանցում սերունդների միջև և Երիտասարդական առաջնորդություն: