Քաղաքապետարանն ու ԱԻՆ-ը հորդորում են խուճապի չմատնվել
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է վաղը խուճապի չմատնվել, ԱԻՆ-ն էլ՝ հանգստություն պահպանել:
Բանն այն է, որ մարտի 1-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան:
«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից:
ԱԻՆ-ից էլ մանրամասնում են, մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման» կարգախոսի ներքո:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն են.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.
• կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները:
Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:
Լուսանկարը՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում պայմանական օդային տագնապից: