Կարծում եմ` դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով. Լենա Նազարյան
Եթե ձայների վերահաշվարկ էլ լինի, կտեսնեք այն, ինչ արձանագրված է: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին աաաց «Ելք» խմբակցության պատգամավոր, ԲԴԽ անդամների ընտրության հաշվիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը:
Վերջինս նշեց, որ ինքը քվեարկության հետ խնդիր չունի, խնդիրը ընթացակարգի հետ է կապված: «Այդ ընթացակարգը հնարավորություն չի տալիս լիովին վերահսկել ընտրության ընթացքը»,- ասաց Նազարյանը:
Հարցին` երբ հայտարարվեց, որ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանը երկու դեմ ձայն է ստացել, իսկ նա գիտեր, որ դեմերը շատ են, ինչու՞ ստորագրեց արձանագրությունը, պատգամավորը պատասխանեց. «Ես իմացա, երբ որ գնացի խմբակցություն, դա պարզվեց»:
Այնուհետ հավելեց՝ նախօրոք էլ գիտեր, որ իր խմբակցության անդամները դեմ էին: «Ես վստահ եմ, որ իմ խմբակցության բոլոր անդամները Գագիկ Հարությունյանին դեմ են քվեարկել, հաշվարկի ժամանակ իրավիճակն այնպիսին է, որ քվեաթերթիկները դրվում են սեղանին և հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ամեն մեկն իր կողմ է տանում քվեաթերթիկը և հաշվում: Շատ հնարավոր է և կարծում եմ` այդպես էլ տեղի է ունեցել, որ դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով: Ես ինչպե՞ս կարող եմ վերահսկել ամբողջը, երբ ինքս զբաղված եմ քվեաթերթիկ հաշվելով»,- հայտարարեց նա:
Հարցին հնարավո՞ր է, որ 98 ձայնի միջից առանձնացվեր հենց 7 դեմ ձայները, ապա դրանցից 5-ը փոխվեր կողմով, իսկ նա այդ ամբողջ գործողությունը չնկատեր, պատգամավորն ասաց. «Այո, իհարկե, հնարավոր է, որ այդպես լինի և ես չտեսնեմ: Եթե բոլոր քվեաթերթիկները դրված են սեղանին և ամեն մեկը քաշում է իրենը: Շատ հեշտ է անել, որ 7 դեմերը հենց իրենք վերցրած լինեն և փոխած: Ես ինքս սեղանի մի անկյունում զբաղված եմ հաշվարկով»,- ընդգծեց Նազարյանը:
Իսկ թե ինչու է նա վստահ, որ իր խմբակցության անդամները չեն ստում, այլ ստում են մյուսները, նա ասաց, որ վստահում է իր խմբակցության անդամներին: «Վստահ եմ, որովհետև վստահ եմ, ես իրենց ճանաչում եմ, իրենց հետ եմ աշխատում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները երդվեցին
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը