Դասագրքային ճշմարտություններ՝ «մարտի 1»-ի մասին
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի կարծիքով՝ 90-ականների սերունդը չգիտի՝ մարտի 1-ն ինչ է, այդ մասին աղոտ պատկերացումներ ունի՝ մոտավորապես նույն որակի, ինչպես մ.թ. ա. 93 թվականի Կապադովկիայի բռնազավթման մասին: Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց՝ պատմությունը նաև քաղաքական գիտություն է:
«Որևէ տեսակի քաղաքական, գիտական, մանկավարժական դիսկուրս, քննարկում դասագրքերում չկան: Ծայրահեղ բևեռացված մոտեցումները պետք է մի կիզակետի հասցվեին և քիչ թե շատ օբյեկտիվ պատմություն ներկայացվեր մեզ»,- ասաց նա: Թոքմաջյանն ասաց, որ պատմության 9-րդ դասարանի դասագրքում մարտի 1-ի դեպքերի նկարագրության մեջ գրված է «խաղաղ հանրահավաք», 12-րդ դասարանի դասագիրքը նույնությամբ կրկնում է տեքստը, սակայն հանված է «խաղաղ հանրահավաք» արտահայտությունը:
«Ի՞նչ է տեղի ունենում դասագրքերում: Ընդհանրապես մեր պատմագիտությունը ունի երեք ողբերգություն՝ եկեղեցի, դաշնակցություն, բոլշևիկներ: Տարբեր ժամանակահատվածներում այդ կառույցները պատմությունը ներկայացրել ու մեկնաբանել են յուրովի, դժվար է գտնել ոսկե միջինը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում, գոնե կարելի է երկու կողմի շարադրանք ներկայացնել»,- ասաց նա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ 14-25 տարեկան պատանիներն ու երիտասարդները լավատեղյակ չեն մարտի 1-ի իրադարձություններին, իսկ նրանք, ովքեր տեղյակ են, տարօրինակ կերպ են մեկնաբանում, պատմում պատմությունը: Բարսեղյանն ընդգծեց՝ այդ երիտասարդները դպրոցից ինչ-որ բան պետք է իմանային: «Քանի որ դասագրքերում ընդհանրապես բան չգրել չեն կարող, որոշել են ձեռնածուությամբ զբաղվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե՝ մեր օրերում, երբ համացանցից օգտվելու ազատություն ունեն բոլորը, արդյո՞ք աշակերտը չի կարող համեմատել դասագրքային և իրական ճշմարտությունները, Բարսեղյանն արձագանքեց. «14 տարեկան երեխան, ում տանը մարտի 1-ից չեն խոսում, ով Ջասթին Բիբերով ու Քարդաշյանով է հետաքրքրվում, որտեղի՞ց պիտի իմանա, թե հեռուստացույցը ոչ մի բան չի հաղորդում այդ մասին»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի գնահատմամբ՝ այս ամենը կատարվում է, որ աշակերտը հնարավորինս հեռու լինի իր ապրած իրականությունից:
«Ամեն ինչ կա և ամեն ինչից կարող են օգտվել, բայց մարդիկ, ովքեր չեն սովորում ազատության հետ վարվել, նրանք չեն կարող ընտրել նաև իրենց պետքական ինֆորմացիան»,- ասաց նա:
Սողոմոնյանը նաև տեղեկացրեց՝ իրենց նախաձեռնության շրջանակում ձևավորել են աշխատանքային խումբ, որը նյութեր է հավաքում կրթական բովանդակության վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվի. իրավապաշտպան
- Իրավապաշտպանները փորձում են «Մարտի 1»-ը տաք պահել
- Իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում Ազգային ժողովում քննարկելու մարտի 1-ի հարցը. Նիկոյան
- «Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ բերելու «Ելք»-ի առաջարկն ընդունվեց
- Երբ Մարտի մեկը նոր էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան