«Ժողովուրդ». Այսօրվանից դեղերի մի մասը դեղատներում կվաճառվի միայն դեղատոմսով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով:
Առողջապահության նախարարությունից հայտնել են թերթին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նախարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները:
Թերթը հիշեցրել է, որ հարևան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց:
«Չի բացառվում` նույնը լինի նաև Հայաստանում»,- գրում է թերթը: