Մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվի. իրավապաշտպան
Մարտի 1-ի դեպքերից 10 տարի անց որքանո՞վ է հավանական դրանց բացահայտումը: Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«90-ականներից ՀՀ իշխանությունների հիմնական հենարանը հանդիսացան ոչ թե ժողովրդի քվեն, այլ ուժային իշխանությունները, որոնց միջոցով նրանք պահում են իրենց իշխանությունը: Այստեղից հարց է առաջանում՝ եթե դու պատժում ես խոշտանգումներ կատարած ոստիկանին կամ ընտրությունների ժամանակ խոշտանգումներ կատարած և ծեծող ոստիկանին, եթե պատժում ես, ապա հետագայում այդպիսի դեպքերի ժամանակ ոստիկանությունը արդյո՞ք քո ցուցումները կլսի, թե՞ կասի՝ եթե ես լսեմ, ապա ինձ կպատժեն»,- ասաց նա՝ հավելելով, որ նույն համատեքստում պետք է դիտարկել մարտի 1-ի զոհերի հարցը:
Իրավապաշտպանը նշեց՝ 2008 թ. զոհերից հետո հնարավոր իշխանափոխությունը կարող էր լինել ՀԱԿ-ի՝ իշխանության գալու միջոցով: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը եղել է այս համակարգի հիմնադիրը և, գալով իշխանության, ամենայն հավանականությամբ այդ 10 զոհերին Հայաստանի ազգային հերոսի կոչում կտային, բայց որևէ ոստիկան էլի չէր պատժվի: «Միջազգային հանրությունը շատ սուր արձագանքեց 2008 թ.՝ ընդհուպ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսվեց, բայց երբ դրված է դիլեման՝ իշխանություն պահել, թե միջազգային հանրության պարսավանքին արժանանալ, ընտրվում է իշխանություն պահելը, և դա միշտ է լինելու»,- ասաց նա:
Մարտի 1-ի կրկնությունից խուսափելու համար Իշխանյանը դիմեց խորհրդարանական ուժերին՝ ՀՀԿ-ին, Ծառուկյան դաշինքին, Դաշնակցությանն ու Ելքին: «Այս նոր, այսպես կոչված, սահմանադրական օրենքով որ վարչապետին կից ծառայություններ են լինելու՝ ոստիկանական, ԱԱԾ ծառայություններ, սա նշանակում է մարտի 1-ի արդարացում և կրկնություն»,- ասաց նա: Իրավապաշտպանի խոսքով՝ մարտի 1-ը չկրկնելու մտահոգությունը փարատելու համար այդ կառույցները պետք է դառնան Ներքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության նախարարություն, որոնք պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության տակ:
Քննչական մարմինների համար, ըստ Իշխանյանի, պետք է առանձին օրենք լինի, որ կախված չլինեն վարչապետից, անկախ մարմիններ լինեն: «Այս ԱԺ-ի վերահսկողությանը կարող ենք դեռ չվստահել, բայց դա կլինի առաջին քայլը մարտի 1-երը բացառելու համար: Եթե ուզում են մարտի 1-ը չկրկնվի, դա պետք է արվի: Եթե սա չարվի, դա նշանակում է՝ ողջ Ազգային ժողովը, ովքեր քվեարկեցին դրա համար, արդարացնում է մարտի 1-ը, մնացածը կոկորդիլոսի արցունքներ են»,- նշեց նա:
Մարտի 1-ի դեպքերն, ըստ Իշխանյանի, առնվազն մոտ ապագայում չեն բացահայտվի: Նա նշեց, որ այդ դեպքերի բացահայտում դեռևս չի ակնկալում նաև հեռավոր ապագայում: Ըստ Իշխանյանի՝ խնդիրն այն չէ, որ անցել է արդեն 10 տարի, խնդիրը շատ ավելի խորն է թաքնված:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանները փորձում են «Մարտի 1»-ը տաք պահել
- Իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում Ազգային ժողովում քննարկելու մարտի 1-ի հարցը. Նիկոյան
- «Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ բերելու «Ելք»-ի առաջարկն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան