Ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով. Բաղդասարյան
«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ մամուլում տպվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք վկայում են, որ պարոն Սարգսյանը մինչև 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի»,- այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով թեկնածուին ներկայացնող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ նա ասաց. «Ես հիմա նայում եմ, թե ինչ կից փաստաթղթեր են ներկայացված նախագահի թեկնածուի առաջադրման համար, գիտենք, որ ՀՀ նախագահի թեկնածուին որոշակի պահանջներ են առաջադրվում, մասնավորապես քաղաքացիության, միայն ՀՀ քաղաքացի լինելու, մշտական բնակության վայրի, մենք ոչ մի փաստաթուղթ չենք տեսնում, որ այդ պահանջներին համապատասխանում է։ Իհարկե պարոն Սարգսյանն արել է այդ թեմայով բանավոր հայտարարություններ, բայց կարծում եմ կա շատ պարզ լուծում, որը պետք է տրված լիներ, արդյո՞ք մենք ձեռքի տակ ունենք պաշտոնական փաստաթուղթ, թե նա ե՞րբ է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, համապատասխան դիմումը ե՞րբ է գրվել։ Այս պահին մեր ձեռքի տակ չկա նույնիսկ փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և վերջին 7 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»։
Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այն ինչ-որ հայտարարել է Արմեն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով:
«Ես կխնդրեմ քարտուղարությանը, այն բոլոր փաստաթղթերը, որոնք ձեզ կհետաքրքրի, կտրամադրեն, եթե դուք կունենաք այլ հարցեր, կարող եք հարցապնդում անել պատկան մարմիններին և դրանց պատասխանները կստանաք։ Իսկ ինչ վերաբերում է մշտական բնակությանը՝ քաղաքացիության հետ կապված, Արմեն Սարգսյանն այդ ընթացքում կատարել է դիվանագիտական աշխատանք, նա եղել է ՀՀ դեսպան, այդ ընթացքում նա համարվում է ՀՀ քաղաքացի և բնակիչ»,- հավելեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին». Վահրամ Բաղդասարյան
- ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
- «Ոչ» ասելն ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին