Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացվում է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ հստակեցվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերություններ, որոնք հնարավորություն չեն ընձեռում պայքարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ:
«Այդ իսկ պատճառով, առաջարկվում է Քրեական օրենսգրքում որոշակի շտկումներ կատարել՝ ավելի արդյունավետ դարձնելու այդ պայքարը»,- նշեց արդարադատության նախարարը:
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ միաժամանակ վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում առկա թերությունները, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են:
Այսպիսով, նախագծով նախատեսվում են փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 164 և 327 հոդվածներում:
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությունը պայմանավորված է դրանում ամրագրված իրավանորմը հստակեցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելության սկզբունքի պատշաճ իրացումն ու, դրանով պայմանավորված նաև՝ խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում' նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար: Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար: Այսինքն' օրենսդիրը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ: Այնինչ, լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե անգամ կատարվել է պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից, օժտված է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով, ուստի' առկա է նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն:
«Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան' քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով' անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից»,-նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան