Հայաստանի պատմության թանգարանը 2017-ի արտաբյուջեն գերակատարել է շուրջ 18 միլիոն դրամով
Հայաստանի պատմության թանգարանը պլանավորած 77 միլիոն դրամի փոխարեն 2017-ին ապահովել է ավելի քան 95 միլիոն դրամի փաստացի եկամուտ՝ արտաբյուջեն գերակատարելով շուրջ 18 միլիոն դրամով: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը:
2018-ին ակնկալիքը Պատմության թանգարանից շատ ավելին է՝ պայմանավորված երեք խոշոր հոբելյաններով (Երևանի 2800, Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության 100-ամյակներով ), Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի և մի շարք այլ միջոցառումների անցկացումով, որոնք ենթադրում են այցելուների հսկայական հոսք:
Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ զրույցում նախարար Ամիրյանն առաջարկել է տարին պլանավորել ըստ վերոհիշյալ ակնկալիքի. լուրջ ուշադրություն դարձնել հուշանվերային արտադրանքին, ընդլայնել հուշանվերների քանակն ու տեսականին:
«Առանցքային միջոցառումը լինելու է Առաջին հանրապետության 100-ամյակը, ուստի հուշանվերների զգալի մասը պետք է ստեղծվեն հենց այդ թեմայի շրջանակում՝ բնականաբար, հաշվի առնելով նաև Պատմության թանգարանի այս տարվա ցուցադրության տրամաբանությունը»,-ասել է Արմեն Ամիրյանը:
Պատմության թանգարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է նաև աշխատակիցների համազգեստը «թարմացնելու», բացօթյա ցուցադրություններ կազմակերպելու, «Տաշիր սթրիթ»-ում Պատմության թանգարանի ցուցանմուշների կրկնօրինակները ներկայացնելու և այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Պատմության թանգարանը հայտարարում է իր ձեռքբերումների մասին
- Պատմության թանգարանն ու Պատկերասրահն այս ուրբաթ բաց կլինեն մինչև ժամը 22:00-ն
- Վարչապետը քննարկել է Ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի զարգացմանը վերաբերող հարցեր