Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի մեր ժամանակների մեծագույն թավջութակահար Սուրեն Բագրատունին
Հունիսի 6-14-ն անցկացվելիք Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է Սուրեն Բագրատունին (ԱՄՆ/Հայաստան):
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից մանրամասնում են, որ Բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սուրեն Բագրատունին մեր ժամանակների ամենահայտնի և պահանջված թավջութակահարներից է: Նա որպես մենակատար հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ ու անվանի դիրիժորների ղեկավարությամբ։ Սուրեն Բագրատունի անունն այսօր կապված է թավջութակի կատարողական արվեստում ամենալուրջ նվաճումների հետ։
Վերջինս թավջութակի պրոֆեսոր է Միչիգանի պետական համալսարանում, որտեղ նա ծավալում է մանկավարժական գործունեություն և ղեկավարում է լարային գործիքների ամբիոնը։ Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած հեղինակավոր երաժիշտն ու փորձառու մանկավարժը սիրով համաձայնել է ղեկավարել խաչատրյանական մրցույթի ժյուրին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն ավանդաբար մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, և ամփոփվում է հունիսի 14-ին գալա համերգով։ Միջազգային մրցույթը կանցկացվի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Մրցույթին կարող են դիմել 16-32 տարեկան թավջութակահարները։ Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից։
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018թ. ապրիլի 25-ը: Խաչատրյանի միջազգային մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել մրցույթի պաշտոնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Խաչատրյանի մրցույթը հիասքանչ հնարավորություն է երիտասարդ արտիստների համար. Ջոն Ֆիշեր
- Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին